Էկոնոմիկայի նախարարն ու ԱԶԳ պաշտոնյանը հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News    

գործ

ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Ավստրիական զարգացման տեխնիկական համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Քարներին և Երևանում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանին։  

Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Տիգրան Գաբրիելյանը։

Հանդիպման ընթացքում հյուրերը համառոտ ներկայացրել են Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) հիմնական առաքելությունը, մասնավորապես՝ գործակալության կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։ Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին, քննարկվել են համատեղ նոր ծրագրերի առավել նպատակահարմար ուղղությունները։

Նախարար Վահան Քերոբյանն ընդգծել է ընթացիկ ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ քայլեր ձեռնարկելու կարևորությունը։

Այնուհետև ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ավստրիական զարգացման գործակալության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր քաղաքականության և օրենսդրական դաշտի մշակման հարցերով փորձագիտական խորհրդատվության և խորհրդատվական աջակցության վերաբերյալ։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Ավստրիական զարգացման տեխնիկական համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Քարները։   

Հուշագրով նախատեսվում է փորձագիտական և խորհրդատվական աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությանը գյուղատնտեսության զարգացման քաղաքականության մշակման և օրենսդրական դաշտի բարելավման նպատակով՝ ապահովելով Հայաստանում Կանաչ գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ պայմանները։   

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս