Դատարանը Սաֆարյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել լրագրողից և վճարել 600. 000 դրամ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News  

Ստյոպա Սաֆարյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Զարուհի Նախշքարյանի՝ մասնակի բավարարել է «Live News»-ի լրագրող Թագուհի Ասլանյանի հայցը, որով պարտավորեցրել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին ներողություն խնդրել լրագրող Թագուհի Ասլանյանից` հասցրած վիրավորական արտահայտությունների համար, եւ վճարել  600.000 դրամ փոխհատուցում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է Ասլանյանի փաստաբան Լուսինե Վիրաբյանը։

Դատարանը հայցը բավարարել է մասնակի, որովհետեւ հայցվորը փոխհատուցման պահանջի համար ներկայացրել էր 1.000.000 դրամ, սակայն բավարարվել է 600.000 դրամը:

Ըստ փաստաբան Վիրաբյանի՝ դատավորն արդար դատական ակտ է կայացրել։

Դատական վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո եւ նույն ժամկետում էլ այն կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում։ Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին։

--00--ԱՀ