Ջիանի Ինֆանտինոն ցավակցական ուղերձ է հղել Արկադի Անդրիասյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24News   

Ջիանի
ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն ցավակցական ուղերձ է հղել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ Արկադի Անդրիասյանի մահվան կապակցությամբ: Տեքստի մեջ, մասնավորապես, գրված է.

 «Ցանկանում եմ ուղղել իմ անկեղծ և սրտանց ցավակցությունը նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Արկադի Անդրիասյանի մահվան կապակցությամբ: Բառերն անկարող են արտահայտել այս կորստի ողջ տխրությունը:

Իր կարիերայի ընթացքում Անդրիասյանն անցկացրել է մի քանի հանդիպում ԽՍՀՄ ազգային հավաքականում, իսկ օլիմպիական հավաքականի կազմում նվաճել է բրոնզե մեդալ 1972 թ. Օլիմպիական խաղերում: Ակումբային մակարդակում միշտ կհիշվեն նրա ելույթները Երևանի «Արարատի» կազմում, որի հետ 1973 թ. նա նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը և երկու անգամ (1973 և 1975) դարձել ԽՍՀՄ գավաթակիր: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Անդրիասյանն ունեցել է նաև մարզչական երկար և հաջողակ կարիերա՝ մարզելով մի շարք ակումբներ, այդ թվում՝ Երևանի «Արարատը»:

Հայկական ֆուտբոլի լեգենդին 1971 թ. շնորհվել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում, 1982 թվականին՝ ՀԽՍՀ վաստակավոր մարզչի կոչում, իսկ 2011 թվականին՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշան: Մենք չենք մոռանա և կկարոտենք նրա ժառանգությունը և նվաճումները, մասնավորապես, առաջատարի հատկությունները, անհատականությունը և մարդկային որակները: 

Ֆուտբոլային միջազգային ընտանիքի անդամների անունից ցանկանում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և Արկադի Անդրիասյանի ընտանիքին, ընկերներին և սիրելիներին փոխանցել խորին ցավակցություններս: 

Հուսով եմ, որ այս հիշողությունները և կարեկցանքի խոսքերը խաղաղություն և սփոփանք կբերեն այս դժվարին ժամանակաշրջանում»:

Ուղերձի օրիգինալ տարբերակը կարող եք գտնել այստեղ:

--00—ՄՀ