Հրադադարի ռեժիմը պահելու փոխարեն սկսենք ներսո՞ւմ պատերազմ վարել. Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Անդրանիկ Քոչարյան

Երբ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը մարդկանց առաջնորդում է, պետք է հասկանալ՝ ո՞ւմ վրա է քաղաքացիների գործողությունների պատասխանատվությունը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտնեց ԱԺ իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու։ Վազգեն Մանուկյանը նման ոճով՝ շատ լավ է աշխատել Նաիրի Հունանյանի խմբի հետ, հիմա ինքը շաբաթը մեկ այդպիսի ծրագրեր է առաջարկում իր կոչերով՝ մեկի ոտքերը ջարդել, մյուսի դուռը ծեծել: Լավ կլինի՝ խմբերը որ ձևավորում է, ինքն առջևից գնա, որ մարդիկ իմանան՝ ով է եկել, ինչ նպատակով և ինչպես պաշտպանի իրեն, իր և մեր երկրի արժանապատվությունը: Վազգեն Մանուկյանը թող ուրիշներին չուղարկի զոհվելու, իր մոտ դա լավ է ստացվում, 96 թիվը բոլորի աչքի առջև է»,- ասաց նա:

Քոչարյանի խոսքով՝ այսօր պետությունն ի վիճակի է պաշտպանել իր քաղաքացուն, և բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում: Պատգամավորի համոզմամբ՝ պետք է արմատախիլ արվեն կեղծ տեղեկություն տարածողները, քանի որ դա ներքին պատերազմ վարելու ձևերից մեկն է: 

«Հրադադարի ռեժիմը պահելու փոխարեն սկսենք ներսո՞ւմ պատերազմ վարել»,- ասաց Քոչարյանը:

 

--00--ԱԹ