Ինչո՞ւ է իշխանությունը դեմ պարիտետային փաստահավաք հանձնաժողովի ստեղծմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

մարուքյան

Դեռ որքա՞ն ժամանակ ենք փնտրելու ճշմարտությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա հարցազրույցին։

«Երեկ երեկոյան եթեր հեռարձակված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի ժամանակ նա հայտարարեց. «Պետք է հասկանանք պարտության խորքային ծագումնաբանությունը։ (…) Եթե սա պարտություն է, որը ծագել է 2 տարվա կամ 2 ամսվա ընթացքում, եկեք արձանագրենք և ապացուցենք դա»։

Նույն հարցազրույցում Փաշինյանը նշեց. «Իսկ ինչու՞ կրակած «Իսկանդերը» չի պայթել։ Կամ պայթել է 10%-ով»։ Այնուհետև հարցազրույցը վարող Նվեր Մնացականյանի հարցին, թե այդպե՞ս են ասում, նա ասում է. «Չգիտեմ»։

Հարց է առաջանում, թե այս դեպքում ինչու՞ է իշխանությունը դեմ պարիտետային փաստահավաք հանձնաժողովի ստեղծմանը, եթե ինքն է ամենաբարձր մակարդակով հարցականի տակ առնում բազմաթիվ կարևոր հարցեր, այդ թվում՝ սպառազինության հարցը։

Գործող և նախկին իշխանության ներկայացուցիչները, պաշտպանության և անվտանգության ոլորտի գործող և նախկին ներկայացուցիչները, դաշտային հրամանատարները և մյուսները շարունակելու են հարցազրույցնե՞ր տալ պատերազմի վերաբերյալ, թե՞ ի վերջո հասկանալու են պարիտետային փաստահավաք հանձնաժողովի կարևորությունն ու քաղաքական կամք են դրսևորելու այն ստեղծելու և բոլորին հուզող հարցերի պատասխանները տալու համար»,-գրել է Մարուքյանը։

--00—ՄՀ