Չարենցավանի N3 դպրոցում դասադուլ է․ այնտեղ է գտնվում նաև Նիկոլ Փաշինյանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Արդեն 10 օր է Չարենցավանի N 3 դպրոցում դասադուլ է։ Այնտեղ է գտնվում նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը է, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին քարոզարշավի շրջանակում, երբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Չարենցավանում էր, դպրոցի ծնողներին ու ուսուցիչներին խոստացել էր հարցին, որ օբյեկտիվ լուծում կտա խնդրին: 

Նշենք, որ դպրոցի աշակերտներն ու ծնողները պահանջում են գործող տնօրենի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել: 

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ Չարենցավանի N3 հիմնական դպրոցում ստեղծված իրավիճակի մասին գրառում է արել՝ նշելով.

«Վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում որոշվել է վերջնական հանգուցալուծմանը գալ առաջիկա շաբաթասկզբին (օրենքով սահմանված ժամկետների շրջանակներում), երբ վարչապետն անձամբ կայցելի դպրոց և հանդիպում կունենա բոլոր շրջանակները ներկայացնող մանկավարժների և ծնողների հետ, որպեսզի հանգուցալուծումը լինի առավելագույնս օբյեկտիվ, բայց բոլոր դեպքերում. բացառապես օրենքի գերակայության պահանջներին խիստ համապատասխան:

Մինչ այդ ևս մեկ անգամ խնդրում եմ ծնողներին և մանկավարժներին՝ չխախտել երեխաների կրթության իրավունքը և զերծ մնալ դասապրոցեսը բոյկոտելուց, իսկ բոլոր քաղաքական ուժերին և տարածաշրջանը ներկայացնող քաղաքական գործիչներին կոչ եմ անում այս գործընթացում չփորձել երեխաների կրթության իրավունքի շահարկմամբ քաղաքական դիվիդենտներ շահել. սա բացառապես հանրակրթական ոլորտի առողջացմանը միտված իրավական գործընթաց է:

Իրավական երկրում բոլոր հարցերը լուծելի են բացառապես օրենքով սահմանված նորմերի կիրարկմամբ՝ զերծ հույզերից, կանխակալ մոտեցումներից և խմբակային շահերից»։