Հակոբ Արշակյանը հարձակվել է լրագրողի վրա․ համակարգիչը կոտրվել է, հեռախոսը՝ վնասվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն քիչ առաջ հարձակվեց ինձ վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է լրագրող Փայլակ Ֆահրադյանը:

«Դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում: Երբ ես տեսա, թե ինչպես է աշխատանքային ժամերն անցկացնում սրճարանում նախարարը, մոտեցել եմ և հարցրել եմ, թե ինչու է աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում: Արշակյանը նախ ասաց, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխտանքային են: Դրանից հետո խնդրեց անջատել տեսախցիկը, և երբ անջատեցի, վերջինս սկսեց ասել, որ ես կհիշեմ այս օրը: Նա սկսեց սպառնալ: Քանի որ տեսախիցիկը անջատված էր, ես ասացի՝ երբ ուզում ես, այդ ժամանակ էլ կարող ենք հիշել, և եթե նախարար ես, դա չի նշանակում, որ պետք է ինձ հետ այդ տոնով խոսես: Դրանից հետո ես բարձրացել եմ վերև և համակարգչով կատարում էի իմ աշխատանքը: Հակոբ Արշակյանը բարձրացավ վերև և հարձակվեց ինձ վրա»,-պատմել է լրագրողը և ցույց տվել վնասված համակարգիչը ու ձեռքը։

«Ահա տեսնում եք, որ ձեռքս է վնասվել․․․ Բացի դրանից՝ Արշակյանը հարվածեց իմ համակարգչին, որի հետևանքով իմ համակարգիչը կոտրվել է, սեղանին դրված հեռախոսս նույնպես վնասվել է: Այստեղ կան տեսախցիկներ, ես պահանջելու եմ, որ սրճարանից հանվեն այդ տեսագրությունները, և ներկայացնելու եմ ոստիկանություն:

Սա ընդունեք հաղորդում հանցագործության մասին»,-պատմել է լրագրողը։