Դավիթ Հակոբյանը նշանակվել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

նկար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Դավիթ Հակոբյանին նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին։ Այդ մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքէջից։

Դավիթ Հակոբյանը միջազգային զարգացման մասնագետ է, ունի այդ ոլորտում ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ: Վերջին 26 տարիների ընթացքում աշխատել է Միավորված ազգերի կազմակերպությունում՝ զբաղեցնելով տարբեր բարձրաստիճան պաշտոններ: Մասնավորապես, ի թիվս այլ պաշտոնների՝ վերջին տարիներին նա եղել է Սիրիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ, իսկ նախքան այդ՝ Աֆղանստանում, Սոմալիում ու Ղրղզստանում՝ մշտական ներկայացուցչի տեղակալ:

Դավիթ Հակոբյանը մի քանի տասնյակ երկրներում ՄԱԿ-ի ծրագրերի շրջանակներում համակարգել և իրականացրել է հումանիտար ու զարգացման մասշտաբային նախագծեր՝ ուղղված այդ պետությունների հումանիտար ճգնաժամերի հաղթահարմանը, կայուն զարգացմանը, քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը:

1981-1991 թթ. Դավիթ Հակոբյանը ներգրավված է եղել գիտահետազոտական աշխատանքներում, հրապարակել է շուրջ 40 հոդված լազերային ֆիզիկայի վերաբերյալ: Ունի ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին:

Հրամանագիրն ուժի մեջ կմտնի ապրիլի մեկից:

--00—ԼՄ