Իմաստ էլ չունի դրա մասին խոսել․ Սիմոնյանը՝ բուհերի շենքերը վաճառելու մասին․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

արամ սիմոնյան
«Իրավունք» թերթը գրում է․ «Դեռևս վարչապետի աթոռից կառչած Նիկոլ Փաշինյանը Արմավիր կատարած իր այցի ժամանակ հայտարարել էր, թե մտադրություն ունեն մայրաքաղաքում գտնվող բուհերի շենքերը վաճառել և քաղաքից դուրս ակադեմիական քաղաք կառուցել: «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալին՝ ԵՊՀ նախկին ռեկտոր, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Սիմոնյանն ասաց, որ այս մտահղացումն իրականացնելը հնարավոր չէ և իմաստ էլ չունի:

- Սա մեծ ծախսեր է պահանջում, մեր այսօրվա պայմաններում նման ակադեմիական քաղաք սարքել, ուղղակի, հնարավոր չէ: Նյութապես չենք կարող, որովհետև այն հսկայական ծախսեր է պահանջում, այդ թվում՝ ինֆրաստրուկտուրայի զարգացում: Պատկերացրեք, որ այդքան ուսանող ամեն օր Երևանից պետք է գնան այնտեղ ու հետ գան, եթե շատ հեռու չլինի: Իսկ դրա համար տրանսպորտ է պետք և միջոցներ՝ նրանց սննդի, հանգստի, պարապմունքի համար հոգ տանելու: Իսկ այդպիսի հսկայական միջոցներ այսօր չունենք, և ինձ թվում է՝ իմաստ էլ չունի դրա մասին խոսել:

- Իսկ առհասարակ ինչպե՞ս եք վերաբերվում բուհերի շենքերը վաճառքի հանելու գաղափարին:

- Նախ՝ նույնիսկ վաճառելու դեպքում ակադեմիական քաղաք կառուցելու նյութականի կեսի կեսն էլ չի կարող հանել: Կարծում եմ՝ այսօրվա պայմաններում այդպիսի քայլ անելը, մեղմ ասած, նպատակահարմար չէ, և բոլորովին դրա կարիքը չկա»;

Առավել մանրմասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ