ԲՏԱ նախարարության աշխատակիցներն Արշակյանին ծափահարություններով են հրաժեշտ տվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

ԲՏԱ նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության պետ Լուսինե Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես են նախարարության աշխատակիցները ծափահարություններով ճանապարհում Հակոբ Արշակյանին:

ԲՏԱ նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության պետը նախարարին ծափողջույններով ճանապարհելու տեսանյութին կից նաև գրառում է արել․

«ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատանքի առաջարկն ընդունելուց տևական ժամանակ չեմ գիտակցել, որ աշխատելու եմ պետական գերատեսչությունում։ Ունեցել եմ այնպիսի ներքին զգացողություն, կարծես գնալու եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտի մի լավ դպրոց, որը հաջողությամբ ավարտելուց հետո աշխատանքի կանցնեմ ոլորտի շնաձկների մոտ կամ որպես անհատ իրավաբան, իմ ծառայությունները կառաջարկեմ շուկայի խոշոր խաղացողներին։ Սրա միակ պատճառը պարոն նախարարն էր, ով իր աշխատելաոճով ստեղծած իմիջով ցրել էր պետական կառույցների շուրջ ոչ անառիթ ձևավորված բացասական կարծրատիպը։ Ոլորտի հետ աշխատելիս զգում էի,  որ նույն տրամադրվածությունը, կրկին շնորհիվ պարոն նախարարի, առկա է նաև ոլորտի ներկայացուցիչների մոտ, մեզ չէին նայում որպես «չինովնիկի», մեզ ընկալում էին որպես թիմակիցների, ովքեր մտահոգված են ոլորտային խնդիրներով, ովքեր ջանք չեն խնայում ոլորտի բարօրության նպատակով համապատասխան բարեփոխումներ նախաձեռնելու համար, ովքեր 24/7 ռեժիմով հասանելի են ոլորտի համար՝ պատրաստ լսելու և աջակցելու նրանցից յուրաքանչյուրին։ Այսինքն՝ ոլորտն առաջնորդում էր մի նախարար, ով կարողացել էր հասարակության համապատասխան շերտի մոտ ձևավորել հավատն առ այն, որ պետությունն իսկապես ծառայում է հասարակությանը։

Պարոն նախարարը հորիզոնական կառավարման մոդելի ջատագովն ու կիրառողն էր․ յուրաքանչյուր աշխատանքային քննարկում հավասար մասնակիցների մտագրոհ էր, բայց և յուրատեսակ մաստեր կլաս և քաջալերանք՝ զերծ ամեն տեսակ ապակառուցողական և մասնագիտական էնտուզիազմի ողնաշարը կոտրող քննադատությունից։

Պարոն նախարարը ղեկավար էր, ում դռները միշտ բաց էին բոլոր աշխատակիցների առջև և ում հետ պետք չէր ավելորդ դիվանագիտություն պարեցնել ու կարելի էր խոսել ի խորոց սրտե՝ ուղիղ և ամենայն շիտակությամբ։ Խորն ափսոսանք եմ ապրում իմ համար, որ այլևս զրկվեցի նրա ղեկավարության ներքո աշխատելու հնարավորությունից։ Ուզում եմ լավատես լինել՝ նախարարության և ոլորտի ապագայի համար։

Հ․Գ․ Պարո՛ն նախարար Հակոբ Արշակյան, շնորհակալ եմ Ձեր թիմում աշխատելու ընձեռնված հնարավորության համար»:

Հիշեցնենք, որ նա հրաժարական է ներկայացրել ԲՏԱ նախարարի պաշտոնից: Պատճառը իր և լրագրող Փայլակ Ֆահրադկանի միջև տեղի ունեցած միջադեպն է, որի ժամանակ Հակոբ Արշակյանը հարվածել էր լրագրողին և կոտրել նրա հեռախոսն ու համակարգիչը։ Միջադեպից մի քանի օր անց՝ մարտի 31-ին, Հակոբ Արշակյանը հրաժարական էր տվել՝ նշելով, որ իր այդ որոշմամաբ անհանդուրժողականություն է հայտնում թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական բռնությանը։ Նոր նախարար է նշանակվել է Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը։

--00—ԼՄ