«Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել պառակտիչ գործողությունները ՀՀ քաղաքացիների հանդեպ

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News 

ժառանգություն

Նիկոլ Փաշինյանի ինքնիրավ նախընտրական քարոզարշավն արդեն ստեղծում է Հայաստանի կայունության եւ անվտանգության իրական սպառնալիքներ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Չունենալով որեւէ օրինական, պաշտոնական որոշում Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու՝ վարչապետը, ակներեւ չարաշահելով իր պաշտոնական դիրքը եւ վարչական հնարավորությունները, գնում է մարզից մարզ՝ սեր եւ բարեկամություն քարոզելու անվան ներքո, սակայն իրականում անհանդուժողականություն եւ հակամարտություն է առաջացնում իր քայլերով:

Հայաստանի սահմանները, պետության արտաքին եւ ներքին տնտեսական, սոցիալական պաշտպանունակությունը 44-օրյա պատերազմի ծանր պարտությունից հետո վերականգնելու փոխարեն՝ գործող վարչախումբը, տեսնելով հանրային վստահության ցածր աստիճանը, անիրավաչափ բռնություն եւ ուժ է կիրառում իր քաղաքացիների հանդեպ, որի ծայրակետը դարձավ Սյունիքում ձախողված ընտրարշավից հետո ձերբակալությունների եւ քաղաքացիների իրավունքների ոտնահարումների անընդունելի գործողությունը:

«Ժառանգություն» կուսակցությունը խոր մտահոգությամբ արձանագրում է, որ նոյեմբերի 9-ի զինադադարի հետո, երբ Ադրբեջանը չի դադարեցրել ուղղակի սպառնալիքները Հայաստանի եւ Արցախի հանդեպ, չի կատարել զինադադարի հայտարարությամբ նախատեսված կետերը, հայ գերիներին պատանդ է պահում, պարբերաբար գնդակոծում է ՀՀ ճանապարհները եւ խոչընդոտում ՀՀ ու Արցախի քաղաքացիների ազատ տեղաշարժի եւ կյանքի իրավունքը, ՀՀ ազգային անվտանգության եւ ոստիկանության բոլոր ուժերը պետք է ուղղվեն մեր պետության կենսական շահերի պաշտպանությանը եւ ոչ թե միայն մեկ անձի կամ նրա թիմի խնդիրների լուծմանը:

«Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել պատժիչ ու պառակտիչ գործողությունները ՀՀ քաղաքացիների հանդեպ, հարգել եւ պաշտպանել օրենքներն ու սահմանադրությունը: Այն վարչախումբը, որը պարտություններ եւ ձախողումներ է կրել արտաքին ու ներքին քաղաքականության մեջ, չի կարող դրանք չեզոքացնել ոստիկանական ուժերով. Հայաստանը ժողովրդավարական պետություն է»:

--00—ՄՀ