Սահմանամերձ Նռնաձոր գյուղում նոր թաղամաս կկառուցվի. կբնակվեն Արցախից տեղահանված բնակիչները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

․

Այսօր տեղի է ունեցել Նռնաձոր գյուղում կառուցվող նոր թաղամասի երկու առանձնատների հիմնարկեքի արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին Սյունիքի համայնքապետեր, համայնքի վարչական ղեկավարներ, ավագանիների անդամներ, համայնքապետարանի ներկայացուցիչներ և գյուղի բնակիչներ: 

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սաքապետոյանը ողջունել է ներկաներին և ներկայացրել ծրագրի շրջանակներում նախատեսվող աշխատանքները: Թաղամասի կառուցումն իրականացվում է վերջերս հիմնադրված «Մեղրիի զարգացման հիմնադրամի» կողմից: Ֆինանսավորումն իրականացվում է բարերարների միջոցներով:

Ծրագրով նախատեսվում է կառուցել 30 անհատական բնակելի առանձնատների թաղամաս՝ նախատեսված պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված բնակիչների համար: Օրերս հաջողությամբ ավարտվել են գեոդեզիական և հողահարթեցման աշխատանքները և արդեն իսկ մեկնարկել են երկու տների կառուցման աշխատանքները։

Սյունիքի բարեգործական հիմնադրամի տնօրեն Գուրգեն Գրիգորյանն իր խոսքում նշել է. «Ծրագիրն այսքանով չի սահմանափակվում, մեր հեռահար նպատակների շրջանակներում է ընդգրկված ամբողջ Մեղրի համայնքը: Բոլորս քաջ գիտակցում ենք, որ հայրենիքն սկսվում է սահմանից և հենց դրանով էր պայմանավորված, որ ընտրեցինք հայրենիքի վերջին, սահմանամերձ համայնքը՝ շենացնելու, նոր շունչ հաղորդելու ու վերաբնակեցնելու համար»:

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը շնորհակալական խոսք է հղել հիմնադրամին՝ իրենց աջակցությունն ու զորակցությունը ցուցաբերելու համար, ինչի արդյունքում Նռնաձորը՝ հարավարևելյան ուղղության առաջին սահմանամերձ գյուղը, կվերաբնակեցվի և նոր շունչ կստանա:

Նռնաձոր բնակավայրի ղեկավար Ալիկ Բոյաջյանը նույնպես շնորհակալանքի խոսք է ուղղել ծրագրի աջակիցներին՝ նմանօրինակ նախաձեռնությամբ Արցախի մեր հայրենակիցներին սատար կանգնելու և գյուղը շենացնելու համար:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել առաջին երկու առանձնատների հիմնարկեքի արարողությունը: Տարածաշրջանի հոգևոր հայր տեր Ռաֆայելի ձեռամբ օծվել են նոր կառուցվող առանձնատների հիմնաքարերը: 

--00--ԱՀ