Ադրբեջանի ԶՈՒ ներխուժումը ՀՀ տարածք սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Քաղաքական

ՀՀ ԱԳՆ-ում մայիսի 17-ին տեղի է ունեցել նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Արտակ Ապիտոնյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներխուժման արդյունքում ստեղծված իրադրությունը և դրա հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

«ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց, որ նշված սադրիչ գործողությունները շարունակությունն են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հռետորաբանության, որը զուգակցվում է մայիսի 16-ին Ադրբեջանում մեկնարկած զորավարժություններով, որոնք անց են կացվում առանց նախապես տեղեկացման և 2011թ․ Վիեննայի փաստաթղթի պահանջների խախտմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Արտակ Ապիտոնյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ կոպիտ խախտումները լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար, և այդ համատեքստում Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության համապատասխան արձագանքը: «Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ համաձայն ՄԱԿ կանոնադրության»,- հավելել է ԱԳ նախարարի տեղակալը։

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս