Դաշնակիցների միջով սեվ կատու է անցել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ տեղեկացանք, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ «Ալյանսի» ղեկավար Տիգրան Ուրիխանյանի ջրերը մի առվով չեն գնացել, եւ Աբրահամյանը փոշմանել է, ու հնարավոր է ընտրություններին չաջակցի Ուրիխանյանին։ Ավելին՝ նրան վերջերս տեսնում են իշխանամերձ շրջանակներում, գործարար խավի հետ։

Հիշեցնենք, որ օրերս Ուրիխանյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ թեեւ Աբրահամյանն իրենց ցուցակում չի լինի, սակայն ողջ ընտրապայքարի ընթացքում կաջակցի իրենց, իսկ ցուցակում չլինելու խնդիրը թերեւս Աբրահամյանի քաղաքացիության, ՌԴ-ում ապրելու հանգամանքով է պայմանավորված։ Աբրահամյանն էլ իր հերթին էր հավաստիացնում, որ այս անգամ ակտիվ ընտրապայքար է մղելու։ Օրեր առաջ էլ Ռուսաստանի հայերի միության եւ «Ալյանս» կուսակցության միջեւ «համագործակցության շարունակության վերաբերյալ» հուշագիր ստորագրվեց։

Երեկ մեր լրագրողն ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից փորձել է լուրի իսկությունը պարզել, սակայն պատգամավորը խուսափել է ուղիղ պատասխանից, մասնավորապես հարցին՝ իր եւ Աբրահամյանի ճանապարհները բաժանվե՞լ են, եւ ընտրություններին միասին չե՞ն մասնակցի, ասել է․ «Իսկ ո՞վ է լսել որեւէ պաշտոնական հայտարարություն մեր մասնակցության ձեւաչափի մասին, ո՞վ է լսել տակտիկական, ռազմավարական գործողությունների մասին»։

Եվ շեշտել է, որ պաշտոնական հայտարարությունն այն է, որ իրենք միայնակ են մասնակցելու։ Իսկ Աբրահամյանն աջակցելո՞ւ է իրենց՝ ինչպես հայտարարել էր։ «Ինչո՞վ է աջակցելու»։ Գաղափարական առումով, նյութական եւ այլն։ «Նյութական աջակցություն ոչ ոք չի կարող ցուցաբերել կուսակցությանը՝ բացի օրենքով սահմանված կարգով։ Բարոյապես՝ այո, աջակցելու է, մենք էլ իրեն ենք աջակցում»։ Պրն Աբրահամյանը կոչ կանի՞ ընտրություններին ձեր օգտին քվեարկել։ «Միգուցե, կտեսնենք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ