Ժամկետն ավարտվում է. քաղաքական ուժերը չեն շտապում առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

․

Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջադրումների ժամկետն ավարտվում է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, սակայն, 24News-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ՝ առաջադրումներ չկան: Նշենք, որ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն առաջադրվում, այն է՝ գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնում են մինչև մայիսի 26-ը՝ 18:00-ն:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է մինչև մայիսի 31-ը` 18:00-ն: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը 2021 թվականի հունիսի 7-ից 18-ն է:

ԿԸՀ կայքում ներկայացված է արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։

Ընտրություններին մասնակցելու մտադրության մասին արդեն հայտարարել են ԱԺ-ում ներկայացված երեք ուժերը` «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», Հայ ազգային կոնգրեսը, «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունները կմասնակցեն միասնական՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ներքո, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել ընտրություններին մասնակցել Հայ Յեղափոխական Դանակցության հետ նախընտրական դաշինքով։ «Հանուն Հանրապետության» և «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները» հայտարարել են ընտրություններին միասին՝ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ով մասնակցելու մասին: ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գլխավորած «Ալյանսն» ընտրությանը կմասնակցի միայնակ: Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ու նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը համագործակցության ու առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հուշագիր են ստորագրել: 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններում Հանրապետություն կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորեն Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը և Անի Խաչատրյանը: Ազգային Ժողովրդավարների դաշինք կուսակցությունը՝ Արշակ Սադոյանի գլխավորությամբ, միացել է Ազատ Հայրենիք դաշինքին, որի ձևավորման մասին հայտարարել են 5 կուսակցություններ՝ Ազգային Ինքնորոշում միավորում, Արդարություն, Ժողովրդավարական Հայրենիք, Հայ Կառուցողական, Պահպանողական: Ընտրություններին մասնակցելու մտադրության մասին բարձրաձայնել էր նաև երգիչ Մհերը:

Վիճակահանության կորոշվի, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին որ քաղաքական ուժն ինչ համարի ներքո կմասնակցի:

ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հայտ է ներկայացրել առայժմ միայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ):

Դիտորդական առաքելություն իրականացնելու հայտ է ներկայացրել տեղական հասարակական կազմակերպություններից միայն Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը՝ 67 դիտորդով:

--00--ԱԹ