Եթե ՀԱՊԿ գործիքները բավարար չլինեն, չենք բացառում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ կդիմենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Սյունիքի սահմանային իրավիճակի մասով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելն առաջին օրերից եղել է և շարունակում է մնալ քննարկման առարկա։

«Այնտեղ ուղղակի նրբություններ կան, որ նման որոշումներ կայացնելիս պետք է որոշակի կանխատեսելիության տեսադաշտ ունենալ, այսպես ասած՝ նախապես նախապատրաստական աշխատանքներ իրականացնել:

Երբեք չենք բացառել և չենք էլ բացառում, որ կգնանք այդ ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ-ի գործիքները կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները բավարար չեն այս իրավիճակը և խնդիրը լուծելու համար», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից ադրբեջանցի զինվորները Սյունիքի մարզի Սև լճի հատվածից ներխուժել են ՀՀ տարածք և հրաժարվում են դուրս գալ այդտեղից։ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը առաջարկել է դեմարկացիայի և դելիմիտացիայի համար ստեղծել համատեղ հանձնաժողով՝ լուծելու հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը։

--00—ԼՄ