«Բուկլետները բերել են, մենակ թե գույնը կանաչ ա, փոխեմ, բերեմ տամ քեզ». «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

ю

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռեյտինգայինով ընտրություններին մասնակցած ՀՀԿ-ական հայտնի դեմքերը, որոնք 2017-ին մեկ ձայնը 5-10 հազար դրամով առնում էին, այս անգամ խուսափել են անգամ նախընտրական խոստումներ տալուց, որ քրեական գործեր հարուցելու հիմքեր չտան։

Իշխանական պատժիչ մեքենան, որը լծվել էր ընդդիմությանը հետեւելուն, որ մի քանի նման դեպք բացահայտեն եւ վարկաբեկեն ընդդիմադիրներին, ընդամենը մի քանի էպիզոդիկ դեպք «հայտնաբերեց», որոնք բավականին կասկածելի են կամ էլ առավելագույնը՝ ներքեւից բխող նախաձեռնություններ, որոնց թելերը «վերեւ» չեն հասնում։

Մի դեպքն առնչվում է Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, որը միամտություն էր ունեցել ուղիղ հեռախոսակապով խոսել պատասխանատուներից մեկի հետ։ Իբրեւ թե փորձել է ակնարկներով բան հասկացնել, ասել է՝ «բուկլետները բերել են, մենակ թե գույնը կանաչ ա, փոխեմ, բերեմ տամ քեզ»։

Անգամ ամենաբթամիտ օպերատիվ աշխատողն այս արտահայտությունը կվերագրեր ընտրակաշառքին, եւ սրա հիման վրա էլ հետեւել են եւ «դեպքի վայրում» բռնել Խլղաթյանին ու եւս մեկ անձի։ Սակայն, ըստ իրավաբանների, գործի ապացույցները բավարար չեն՝ հնարավոր չէ հայտնաբերված գումարն ընտրակաշառք դիտել, քանի որ այն հանձնելու պահին չեն առգրավել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ