Ընտրողներին կաշառք տալու և ստանալու փաստով ևս մեկ քրգործի նախաքննություն ավարտվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

հքծ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Երևան քաղաքի բնակիչ Գ. Նավոյանը կաշառք է տվել իր ծանոթ Ա. Գրիգորյանին: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն:

Մասնավորապես, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբում աշխատող Գ. Նավոյանը 2021 թվականի հունիսի 18-ին բժշկական օգնություն ստանալու պատրվակով իր ծանոթ բուժքույր Ա. Գրիգորյանին  հրավիրել է իր բնակարան, որտեղ վերջինիս առաջարկել է 40.000 ՀՀ դրամ կաշառք՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Ա. Գրիգորյանն ընդունել  է կաշառք ստանալու առաջարկը և Գ. Նավոյանից ստացել վերը նշված գումարը:

Կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքերի մասին իրավապահ մարմիններին հայտնի դառնալուց հետո` նույն օրը, Ա. Գրիգորյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանություն և տվել հանցագործության մասին հաղորդում`  ներկայացնելով կաշառքի առարկա 40.000 ՀՀ դրամը:

Ընտրողին կաշառք  տալու համար Գ. Նավոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: 

--00—ԼՄ