Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

ուրուգվայ

Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Բուստիժո Բոնասսոնի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 16-18-ը կայցելի Հայաստան։  Այս մասին ասվում է վարչապետի որոշման մեջ։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2021 թվականի օգոստոսի 16-18-ը Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Բուստիժո Բոնասսոնի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի պարտականությունները կատարողին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին` 1) նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի. 2) պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը. 3) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների»,- ասված է որոշման տեքստում։

--00—ՄՀ