Հավանաբար, Փաշինյանի և մյուսների առջև պայման են դրել՝ չայցելել Արցախ. «ՊՈւ» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

«Ենթադրում եմ, որ վարչապետի աթոռը զբաղեցնողի և այլ պաշտոնյաների առջև դրված է որոշակի պայմանների ցանկ՝ Արցախ չայցելել և ԱԳՆ պաշտոնական հայտարարություններում աբսուրդային, թշնամական եզրույթներ օգտագործել: Պատմության մեջ առաջին անգամ Արցախի Հանրապետության օրը ՀՀ ԱԺ նախագահն այնտեղ չէ։ Առնվազն զարմանալի է նաև ՀՀ նախագահի Արցախ չմեկնելը ։ Կարող եմ ենթադրել, որ նույն ցանկը դրվել է նաև իր առջև»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության 30 ամյակին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների Արցախ չայցելելու հանգամանքին:

Պատգամավորն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախի հարցը լուծված չէ, նշեց, որ այդ խնդրի վերաբերյալ կատարվող գործողություններն արդյունավետ չեն, քանի որ Արցախի հարցի լուծման վերաբերյալ դեռևս տեսանելի քայլեր չեն արվում. 

«Տարրական միջազգային գիտելիքներ ունենալու դեպքում կարելի է ենթադրել, թե ինչ գաղտնի և փակ գործընթաց է տեղի ունենում: Նիկոլ Փաշինյանն այնքան անպատասխանատու հայտարարություններ է անում, որ այս հայտարարությունից ուրախանալ կամ այն կարևորել չեմ կարող։ Եթե իրենց մոտ չի ստացվում արձագանքել Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ և երկրի համար վիրավորական արտահայտություններին, բայց ամեն անգամ կապիտուլյանտ բառը լսելուց օպերացիա են իրականացնում, թող պատկերացնեն մենք ենք իրենց վիրավորում և Ադրբեջանին պատասխանեն»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ