ԿԲ-ն մշակում է ռիսկային սցենարներ․ԿԲ-ն՝ Ադրբեջանի՝ Իրանի բեռնատարներին խոչընդոտելու մասին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14,  24News

ԿԲ

ՀՀ կենտրոնական բանկը երկրում տնտեսական պրոցեսների խաթարման և տնտեսական գործունեության վտանգման դեպքերի համար ունի բազային սցենարներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կողմից Իրանից Հայաստան եկող բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգման հարցին։

«Մենք նայում ենք բազային սցենար և դրա շուրջ որոշակի այլընտրանքային սցենարներ։ Բազային սցենարում որոշակիորեն կան հաշվարկված ռիսկեր, բայց մենք կարծում ենք, որ այն ռիսկերը, որոնք այնտեղ ներառված են՝ էական չեն տնտեսական պրոցեսների խաթարման և տնտեսական գործունեության վտանգման տեսանկյունից։ Մշակվում են նաև ռիսկային սցենարներ, որոնք ներառում են հնարավոր բոլոր իրադարձությունները»,- նշեց Գալստյանը։

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացրել էին, որ նույն օրը, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող բնակավայրերից մեկի մոտակայքում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում էր իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

--00—ՄՀ