Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց այս պահին դեռ չի ընթանում․ Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

միրզ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույց է տվել «Nouvelles d'Arménie» ամսագրին, որի շրջանակում անդրադարձել է Թուրքիայի և Իրանի հետ հարաբերություններին։

Թեմաների մասով հարցուպատասխանը՝ ստորև։

-Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ: Արդյո՞ք տեսանելի ապագայում կարելի է այս առումով զարգացումների սպասել:

-Մեր կառավարության ծրագրում ամրագրված է, որ Հայաստանը պատրաստակամ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը։ 

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը, այս օրերին Թուրքիայից այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ հնչող հայտարարությունները իրենց բացասական ազդեցությունն են ունենում տարածաշրջանում կայունության վրա։

Այնուամենայնիվ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում հնչեցրել է հայկական կողմի տեսակետը, որ Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորման պատրաստակամության և համապատասխան գործողությունների դեպքում Հայաստանը պատրաստ է քննարկել երկկողմ հարաբերությունների կառուցման հնարավորությունները։ 

Միևնույն ժամանակ, ցանկանում եմ նշել, որ այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում: 

-Ըստ Ձեզ՝ ընդհանուր առմամբ, հնարավո՞ր է ռազմական առումով սերտ համագործակցել ՌԴ-ի հետ և միևնույն ժամանակ բացվել դեպի Եվրոպա։

-Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթությունները արձանագրված են կառավարության ծրագրում։ Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպես արդեն առիթ եմ ունեցել նշելու, մենք ունենք դաշնակցային հարաբերություններ, և մեր բազմաշերտ համագործակցության կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում ռազմաքաղաքական, անվտանգային, ինչպես նաև  տնտեսական, էներգետիկ, ենթակառուցվածքների, հումանիտար ու մշակութային ոլորտները։

Միևնույն ժամանակ,  Հայաստանը կարևորում է ԵՄ ու ԵՄ անդամ-երկրների հետ տարբեր ձևաչափերում փոխշահավետ և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված համագործակցության զարգացումը: 

Այս առումով կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Հայաստան-Եվրամիություն  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նշանակությունը։ Այս համընդգրկուն փաստաթուղթը ամուր իրավական հիմք է ստեղծում ՀՀ-ԵՄ գործընկերության, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների հետ համագործացության համար։ Համաձայնագրի արդյունավետ կիրարկումը կամրապնդի համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ արդարադատությունը, անվտանգությունը, տնտեսությունը, գյուղատնտեսությունը և ենթակառուցվածքները, շրջակա միջավայրը և կլիման, կրթությունը և գիտությունը, մշակույթը, առողջապահությունը և այլն։

Արևելյան գործընկերությունը նույնպես համագործակցության շատ կարևոր և ամուր հարթակ է, և մենք շարունակում ենք մեր ակտիվ ներգրավվածությունն ու աշխատանքը՝ ձևաչափի ներառականության ամրապնդման և համագործակցության խորացման ուղղությամբ։ 

-Ի՞նչ զարգացում են ապրում Հայաստան-Իրան հարաբերությունները: 

-Մեր երկու երկրների միջև առկա են փոխվստահության վրա հիմնված պատմական բարեկամական հարաբերություններ: 

Կա երկուստեք պատրաստակամություն՝ առավել զարգացնելու և խորացնելու բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունները, առևտրատնտեսական, քաղաքական, ինչպես նաև այլ  ոլորտներում շահավետ համագործակցությունը։ 

Հայաստանը լիահույս է, որ միջուկային բանակցությունները կվերսկսվեն,  կունենան բարեհաջող ընթացք, և հնարավորություն կստեղծեն  վերացնելու Իրանի նկատմամբ առկա պատժամիջոցները, ինչը կարևոր խթան կարող է հանդիսանալ Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության զարգացման համար:

Առավել մանրամասն՝ այստեղ։

--00—ԼՄ