Սյունիքում զոհված Արթուր Մարտիրոսյանը ծրագրել էր մյուս տարի ամուսնանալ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Պատերազմ

Նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակման հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Արթուր Մարտիրոսյանը ծնվել և մեծացել է Լոռու մարզի Անտառամուտ համայնքում:

24News-ի հետ զրույցում գյուղապետ Արայիկ Գևորգյանը նշեց, որ Արթուր Մարտիրոսյանը բարի, կամեցող տղա էր։ Սովորել է տեղի դպրոցում, որից հետո մեկնել է Մատաղիս ծառայելու։ Ծառայությունը ավարտելուց հետո է մեկ տարով մեկնել է արտագնա աշխատանքի, հետո վերադարձել և ընդունվել է «Դուց» զորամիավորում, որպես պայմանագրային զինծառայող: 

Գյուղապետի խոսքով՝ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել էր 44-օրյա պատերազմին, ձեռքից վիրավորվել էր, տարել էին հիվանդանոց, բայց նա բուժումը կիսատ թողնելով մեկնել էր ռազմաճակատ:

«Արթուրը տան փոքրն էր, ուներ ծնողներ, եղբայր, երկու ամուսնացած քույր: Ինքն ամուսնացած չէր, վերջին անգամ իր հետ զրուցելիս ասաց, որ մյուս տարի ցանկանում է ամուսնանալ, ես էլ ասացի՝ ամուսնացի, արդեն 24 տարեկան ես:

Ընտանիքը վատ պայմաններում է ապրում, զբաղվում են անասնապահությամբ, այս տարի ցորեն էին ցանել: Խելոք տղա էր 10-12 տարեկանից ծնողներին օգնում էր»,- ցավով հիշեց գյուղապետը:

--00--ԿԿ