Գեղարքունիքում փոխհրաձգությունից հետո խաղաղվել է․ մարզպետարանի ներկայացուցիչը՝ իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Պատերազմ

Երեկ ադրբեջանական կողմը հերթական անգամ սադրանքի էր դիմել, որի հետևանքով հայ ժամկետային զինծառայող էր զոհվել։  24News-ը Գեղարքունիքի մարզպետի օգնական Մանանա Գալստյանից փորձեց որոշակի տեղեկություններ իմանալ, թե ինչպես է անցել գիշերը, և ինչ իրավիճակ է տվյալ պահին Գեղարքունիքի ուղղությամբ։ Նա խոստացավ ճշտումներ անելուց հետո կապվել մեզ հետ, սակայն մինչ այժմ կապ չի հաստատել։

Մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանն ասաց, որ որոշակի ինֆորմացիայի տիրապետում է, բայց այն փոխանցելու լիազորություն չունի։ «Ինչը, որ երեկ հայտարարեցին լրատվամիջոցներում, դա է, հետո խաղաղվել է, ես այդքան բան կարող եմ ասել», - նշեց նա։ 

Խլղաթյանը խորհուրդ տվեց մանրամասների համար կապ հաստատել պաշտպանության նախարարության հետ, սակայն ՊՆ-ն բոլոր հեռախոսազանգերը թողեց անպատասխան։

Հիշեցնենք, որ երեկ պաշտպանության նախարարության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։ «Ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է»։

--0--ԿԿ