Իշխանություններն անընդհատ հանրության և քաղաքական ուժերի հզոր ճնշման տակ պիտի լինեն. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 2, 24News

․

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը ուշադրության է արժանի նաև այն կոնտեքստում, որ այդ հանդիպումից առաջ ակտիվորեն քննարկվում էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Իսկ նոյեմբերի 16-ին Հայաստանի տարածքում Ադրբեջանի ձեռնարկած հերթական ագրեսիան անմիջականորեն այս թեմայի հետ էր կապված։ Սոչիում եռակողմ բանակցությունների ավարտին հետևած հայտարարության ժամանակ Վլադիմիր Պուտինը, խոսելով ապաշրջափակման մասին, օգտագործեց «տրանսպորտային միջանցքներ» արտահայտությունը։

Հասկանալի է, որ սրանով ՌԴ նախագահը ոչ թե «Զանգեզուրի միջանցքը» նկատի ուներ, այլ բոլոր հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։ Երեք ղեկավարների հանդիպման պաշտոնական մասից էլ երևում է, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա, նույնիսկ որևէ անդրադարձ չկար նաև համատեղ հայտարարության մեջ։

Սակայն ուշագրավ է, որ Սոչիի հանդիպումից անմիջապես հետո Աշխաբադում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ժամանակ ելույթ ունենալիս Ալիևը նշում է, թե «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում, ավելին՝ իր գործընկերներին հրավիրում է օգտվել այդ տրանսպորտային ուղուց։ Հասկանալի է, որ հայտարարելով, թե այդ տրանսպորտային ենթակառուցվածքը դառնալու է Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը՝ Ալիևն առաջին հերթին նկատի ունի դրա միջոցով թյուրքական աշխարհը կապելու մասին, որի շուրջ ինքը պարբերաբար ակնարկում է, իսկ Էրդողանն արդեն զարգացնում է այդ թեման պանթուրքական և նեոօսմանական նկրտումների շրջանակում։

«Զանգեզուրի միջանցքի» իրականություն դառնալու Ալիևի հայտարարությունը շատ հետաքրքրական է, քանի որ եռակողմ հանդիպումից առաջ իր ասուլիսում Փաշինյանը նշում էր, թե Ադրբեջանը սպառնում է, ասում է՝ «չտաք միջանցք, ուժով ենք բացելու»։ Թերևս դրանով էր պայմանավորված, որ Ալիևն այս ընթացքում պարբերաբար հոխորտում էր, հայտարարում, թե իրենց համբերությունը սահմաններ ունի, ապա անցնում սադրանքների գործելակերպին՝ կազմակերպելով հերթական ներխուժումը ՀՀ տարածք։ Հիմա ի՞նչ պատահեց, որ Ալիևն այս անգամ ոչ թե ուժով միջանցք բացելու մասին է հայտարարում, այլ այնպես է խոսում, կարծես թե այն շուտով իրականություն է դառնալու։

Հենց այստեղ է, որ բազմաթիվ հարցեր են առաջանում։ Մյուս կողմից էլ՝ հակառակորդի կողմից հնչող հայտարարություններն ուշադրության չէին արժանանա, եթե պատերազմից սկսած իշխանությունները չթաքցնեին ողջ իրականությունը։ Խնդիրն այն է, որ ողջ պատերազմի ընթացքում իշխանական քարոզչամեքենան «Հաղթելու ենք» լոզունգների ներքո մոլորեցնում էր հանրությանը, կեղծ լուրեր էին տարածում, թե հայկական ուժերը ազատագրել են Գետաշենը և հայկական այլ տարածքներ՝ այն դեպքում, երբ Արցախը տարածքային կորուստներ ուներ։ Իսկ երբ հակառակորդը տեսանյութեր էր տարածում Արցախի այս կամ այն բնակավայրը բռնազավթելու մասին, իշխանական քարոզիչները հայտարարում էին, թե դրանք մոնտաժված տեսանյութեր են։ Եվ, ի վերջո, հանրությունը ստիպված հակառակորդից էր տեղեկանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ու այս գործընթացը շարունակվում է մինչ օրս։ Օրինակ՝ եթե Էրդողանը չհայտարարեր, որ Փաշինյանը Վրաստանի միջնորդությամբ իրենից հանդիպում է խնդրել, մեր հասարակությունը այդ մասին չէր էլ տեղեկանա։

Ժամանակին էլ իշխանական պատգամավորները պնդում էին, թե Սյունիքն անվտանգ է, սակայն տեսանք, թե արդյունքում ինչքանով էր անվտանգ, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Սյունիքի տարածք ու խորացան։ Եվ հիմա ոչ մի երաշխիք չկա, որ նույն գործընթացը տեղի չի ունենա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» պահով։ Ճիշտ է, հիմա էլ իշխանությունները հայտարարում են, թե միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չեն քննարկում և չեն քննարկելու, օրակարգում միջանցքի հարց չկա, սակայն տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում իշխանությունների հայտարարություններն արդեն վաղուց որևէ վստահություն չեն ներշնչում։ Եվ բացառված չէ, որ ինչ-որ պահի պարզվի, որ մեր իշխանությունները ՀՀ ինքնիշխանության հաշվին թուրք-ադրբեջանական տանդեմին ինչ-ինչ երաշխիքներ են տվել։

Ուստի անհրաժեշտ է, որ իշխանություններն անընդհատ հանրության և քաղաքական ուժերի հզոր ճնշման տակ լինեն, որպեսզի դրա ազդեցության ներքո չկարողանան Հայաստանի դիրքերը զիջել ու իրենց իշխանությունը պահելու նպատակով հասարակության մեջքի հետևում համաձայնության գալ հակառակորդի հետ։ Մանավանդ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ թուրքական կողմն իր քայլերով ցույց է տվել, որ ՀՀ գործող իշխանությունների պաշտոնավարման շարունակությունն իրենց ձեռնտու է։ Դրանով էր պայմանավորված, որ երբ զինվորականները և գլխավոր շտաբը Փաշինյանի հրաժարականն էին պահանջում, Թուրքիան անմիջապես մի քանի պաշտոնական խողովակներով դատապարտեց այն։ Այդ ե՞րբ էր Թուրքիային ՀՀ ներքաղաքական կյանքը հետաքրքրել, որ ամենաբարձր մակարդակով անդրադարձան այդ թեմային...»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ