Ֆրանսիական ընկերությունները հետաքրքրված են ՀՀ-ում արևային վահանակների տեղադրմամբ  

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10,  24 News

․

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, հանդիպման ժամանակ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

«Ռաֆայել Ժոզանը նախարարին տեղեկացրել է, որ ֆրանսիական ընկերություններ կան, որոնք հետաքրքրված են ՀՀ-ում էլեկտրակայանների և ջրամբարների վրա արևային վահանակներ տեղադրելու աշխատանքներով։

Նախարարը նշել է, որ այդ ոլորտներում ներկայումս բազմաթիվ մրցութային գործընթացներ կան և ցանկալի կլինի, որ ֆրանսիական ընկերությունները նույնպես հետաքրքրվածություն ցուցաբերեն և մասնակցեն այդ մրցութային գործընթացներին։

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Վեդու ջրամբարի կառուցման գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Տարածքային զարգացման հիմնադրամի ղեկավար Արթուր Սողոմոնյանը նշել է, որ ջրամբարի կառուցման ժամկետների երկարաձգումը պայմանավորված է օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, սակայն այլ խոչընդոտներ չլինելու դեպքում նախատեսվում է շինարարական աշխատանքներն ավարտել 2022 թվականի վերջում։

Ֆրանսիական կողմը ևս հավաստիացրել է, որ անկախ առկա դժվարություններից, կարվի առավելագույնը, որպեսզի աշխատանքներն ավարտվեն նշված ժամկետում։

--00--ԱՀ