Խթանելու փոխարեն՝ խոչընդոտներ տեղական արտադրողների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

վահե

Վերջերս «ՍՈԼԱՐՈՆ» ընկերության համահիմնադիր, տեխնիկական տնօրեն Վահե Շարաֆյանը ֆեյսբուքյան էջում հոդված էր գրել այն մասին, թե ինչպես են իրենց կազմակերպության արտասահմանյան գործընկերները երբեմն հետաքրքրվում, թե որքանով են բարենպաստ հայկական շուկայում աշխատելու պայմանները՝ հաշվի առնելով, որ «ՍՈԼԱՐՈ»Ն ընկերությունը՝ որպես տեղական արտադրող, պաշտպանված չէ Հայաստանի օրենսդրությամբ։

Ի պատասխան պրն․ Շարաֆյանի այն պնդմանը, որ իրենք ոչ միայն պաշտպանված չեն օրենսդրությամբ, այլև Հայաստանում գործող մաքսային սակագները և օրենսդրությունը խրախուսում են արտասահմանյան (տվյալ դեպքում,  մասնավորապես, չինական) արտադրանքի ներկրումը և իրենց հնարավորություն չեն տալիս անգամ հավասար պայմաններում մրցակցելու, անկհայտ է դառնում, որ օտարերկրյա գործընկերների համար բավականին բարդ է դրան հավատալը՝ հաշվի առնելով այն փաստը, որ արևային վահանակների բազմաթիվ եվրոպական արտադրողներ դադարեցրել են  իրենց գործունեությունը՝ չդիմանալով չինական արտադրողների հետ մրցակցությանը, թեև գտնվում էին շատ ավելի բարենպաստ պայմաններում, քան ներկայումս «ՍՈԼԱՐՈՆ» ընկերությունն է։

Ինչպես պատմում է Շարաֆյանն իր հոդվածում, երբ 2017-ին նոր էին պատրաստվում հիմնել Հայաստանում արևային վահանակների արտադրության գործարան, պարզվեց, որ արտերկրից ներմուծվող արտադրական բոլոր սարքավորումները ենթակա են մաքսատուրքերի։ Ավելին, ենթակա էին մաքսատուրքերի նաև արտադրության համար նախատեսված նյութերի մեծ մասը: Զարմանալին այն էր, որ պատրաստի արևային վահանակները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվելիս ենթակա չէին որևէ հարկի կամ ԱԱՀ-ի: Հաշվի առնելով ներկայացված իրավիճակը՝ «ՍՈԼԱՐՈՆ»-ի թիմը ստիպված էր դիմել էկոնոմիկայի նախարարություն՝ սարքավորումների և հումքի ներմուծման համար արտոնություններ ստանալու նպատակով: Սակայն, ինչպես պարզվեց, արտոնություններ ստանալու համար անհրաժեշտ էր նշել ոչ միայն ներմուծվող ապրանքների անունները, այլև մատակարարի անունը, ներմուծվող նյութերի տեխնիկական բնութագրերը, դրանց քանակը, դրանց իրականացման ու գործարքի փակման ժամկետները: Գրավիչ էր մասնավորապես վերջին պահանջը․ մի՞թե, հիմնելով արտադրություն, պետք է մտածել, որ որոշ ժամանակ անց այն պետք է փակել, այսինքն՝ դադարել արտադրել և այդպիսով փակել գործարքը։ Բայց փաստը մնում է փաստ․ նախարարությունը տրամադրում է արտոնություններ միայն հստակ գործարքի և ոչ արդյունաբերության կամ գործունեության տեսակի համար: Տարօրինակ է այն փաստը, որ մաքսային արտոնություններ ստանալու համար պետք է նշել հստակ արտադրողի անունը և այն երկրիրը, որից պետք է ներկրվի, և սա այն դեպքում, երբ արևային վահանակների համար նյութեր են արտադրվում ամբողջ աշխարհով մեկ ցրված մի քանի հազար տարբեր ընկերությունների կողմից: Ի՞նչ անել, եթե որոշում կայացվի փոխել մատակարարին: Ինչպես իր խոսքում նշում է պրն․ Շարաֆյանը՝ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները մեծ ըմբռնումով մոտեցան իրենց հայցադիմումներին, բայց արտոնությունների տրամադրման սահմանված կարգը այնպիսին էր, որ այն բացարձակապես հարմար չէր այն ընկերությունների համար, որոնք ներմուծված հումքից արտադրանք են ստեղծում: Այս ընթացակարգն ավելի հարմար է այն ընկերությունների համար, որոնք, օրինակ, շաքարավազ կամ բանան են ներմուծում հստակ մատակարարից, այն վաճառում տեղական շուկայում և դրանով իսկ փակում գործարքը: Մինչդեռ «ՍՈԼԱՐՈՆ» ընկերությունը, զբաղվելով արտադրությամբ, անընդհատ բաղադրիչների կարիք ունի և աշխատանքային թիմի համար կանխատեսելի չէ, թե որտեղ կգտնվի արտադրության համար այս կամ այն նյութի հաջորդ խմբաքանակը: Բացի դրանից՝ արտադրության տեխնոլոգիաները նույնպես փոխվում են, հայտնվում են լրիվ նոր հատկություններով նոր նյութեր և այլն: Այսպիսով, նույնիսկ որոշակի արտոնություններ ստանալուց հետո ընկերությունը շարունակում ենք մաքսատուրք վճարել ներմուծվող նյութերի զգալի մասի համար:

Իսկ ԱԱՀ-ի հարցը, ինչպես պարզ էր դարձել հետագայում, շատ ավելի բարդ է։ Քանի որ սահմանը հատելիս պատրաստի վահանակները ոչ միայն ենթակա չեն մաքսատուրքի, այլև ԱԱՀ-ի, որոշ ներմուծող ընկերություններ սովորաբար ներմուծում են վահանակներ վերջնական գնորդի անունով՝ երբեմն արտադրողի կողմից ստանալով միջնորդավճար, և դա ինքնաբերաբար դարձնում է ներմուծվող վահանակները 20 % -ով ավելի էժան, քան «ՍՈԼԱՐՈՆ»-ի կողմից արտադրվող վահանակներնեն:

Շարունակելով ներկայացնել իրավիճակը՝ պրն․ Շարաֆյանը նաև նշում է, որ հաջորդ ակնհայտ անարդարությունը քաղաքապետարանների և պետական այլ գերատեսչությունների կողմից հայտարարված մրցույթներն են արևային էլեկտրակայանների կառուցման համար: Ըստ նրա՝ Հայաստանում անցկացվող մրցույթների կարգն ու բնույթն ընդհանրապես չի փոխվել և մնում է նույնը, ինչ նախորդ կառավարության օրոք: Կարդալով հայտարարված մրցույթների պայմանները՝ հասկանալի է դառնում, որ արդեն ընտրվել է հաղթողը, որն ունի համապատասխան վահանակներ, քանի որ վահանակների բոլոր բնութագրերն արդեն հայտարարվել են որպես պարտադիր այս մրցույթին մասնակցելու համար: Թվում է, թե ինչ կապ ունեն վահանակների Վոլտ-ամպերային բնութագրերը կամ դրանց երկրաչափական չափերը, երբ հայտարարվում է մրցույթ, ասենք, 100 կՎտ հզորությամբ արևային կայանի համար: Ի վերջո, այս հզորությունը և համապատասխան էներգիայի արտադրությունը կարող է ապահովվել գրեթե ցանկացած վահանակների միջոցով:

Այնուամենայնիվ, ինչպես պրն․ Շարաֆյանն է ընդգծում, պայմաններում նշվում են միանգամայն առանձնահատուկ բնութագրեր, որոնց միջոցով ցանկության դեպքում կարելի է պարզել, թե որ արտադրողն է դրանք արտադրում, և երբեմն պարզ է դառնում, թե որ հայկական ընկերությունն է ներմուծում դրանք: 

Առանձին հարց է վկայագիրը (սերտիֆիկատ): Գրեթե բոլոր մրցույթներում նախապայման է վահանակի վրա եվրոպական վկայագրերի առկայությունը: Իհարկե, «ՍՈԼԱՐՈՆ»-ը նույնպես հետաքրքրված է, որ իրենց վահանակներն ունենան եվրոպական վկայագրեր և արտահանվեն Եվրոպա, և ներկայումս իրենք արդեն իսկ գտնվում ենք սերտիֆիկացման փուլում, բայց, այնուամենայնիվ, կազմակերպության համար մտահոգիչ է այն հարցը, թե ինչո՞ւ են հայկական պետական ձեռնարկությունները պահանջում հենց եվրոպական վկայականներ, և ոչ թե, ենթադրենք, եվրասիական: Վերջինս մենք ունենք արդեն երկար ժամանակ: Ի վերջո, ինչպես պնդում է «ՍՈԼԱՐՈՆ»-ի ղեկավարը, Եվրասիական միության և ոչ թե Եվրոպական Միության անդամ լինելը Հայաստանի իշխանությունների որոշումն է, և ոչ թե իրենց՝ հավելելով, որ անձամբ իրեն Եվրամիությունը շատ ավելի է դուր գալիս, քան եվրասիականը: Եվ դեռևս հարցական է, թե ինչո՞ւ է կառավարությունն այդքան ոչ հետևողական իր ընտրության հարցում: 

Երբեմն ասվում է, որ որոշ նախագծեր ֆինանսավորվում են եվրոպական կառույցների կողմից, և այդ պատճառով մրցույթին մասնակցելու համար սարքավորումները պետք է ունենալ եվրոպական վկայականներ: Բայց, ինչպես շեշտում է պրն․ Շարաֆյանը, հետևյալ տրամաբանությունն անհասկանալի է, քանի որ նախագիծն իրականացվում է Հայաստանում և ոչ Եվրոպայում կամ ԱՄՆ-ում, և, հետևաբար, կարգավորող նորմերը նույնպես պետք է լինեն տեղական (կարդացե՛ք եվրասիական) և ոչ եվրոպական կամ ամերիկյան: Եվս մեկ անգամ կրկնելով, որ անձամբ ինքը եվրոպական նորմերը ավելի է նախընտրում, քան եվրասիականը, պրն․ Շարաֆյանը շեշտում է, որ բարձրաձայնման նպատակը պարզապես նման պահանջների ոչ տրամաբանական լինելու վրա հանրության ուշադրությունը հրավիրելն է: Հոդվածում նաև նշվում է, որ հայտարարված մրցույթների պայմաններում կան բազմաթիվ սխալներ և անհեթեթություններ, որոնք ապացուցում են, որ մարդիկ, որոնք կազմում են այդ պայմանները, շատ հեռու են ֆոտովոլտայիկայից և ընդհանրապես արևային էներգիայի ոլորտից: Օրինակ, մրցույթի պայմաններում կարելի է գտնել այնպիսի արտահայտություն, ըստ որի՝ վահանակները պետք է ունենան ISO9001 վկայագիր (սերտիֆիկատ), ինչն ակնհայտ անհեթեթություն է․ վահանակները ոչ մի դեպքում չեն կարող ունենալ նման վկայագիր, ինչպես նաև աշխարհում ոչ մի այլ ապրանք չի կարող ունենալ նման վկայագիր, քանի որ այն  որակի կառավարման համակարգի ստանդարտ է և վերաբերում է ընկերությունների գրասենյակային աշխատանքի համակարգին, այսինքն՝ որևէ առնչություն չունի ապրանքների որակի և այլ հատկությունների հետ: 

Ժամանակին եվրոպական սերտիֆիկացման TUV կենտրոնը շեշտել էր, որ այս ստանդարտը չի կարող նշվել վահանակների պիտակների վրա, և «ՍՈԼԱՐՈՆ» կազմակերպությունը, ունենալով այդ վկայագիրը (սերտիֆիկատը), ստիպված է եղել կատարել այդ պահանջը: Դժբախտաբար, մրցույթների պայմաններում առկա անհեթեթությունների այս ցանկը կարելի է անվերջ շարունակել։

Եզրափակելով խոսքը՝ Շարաֆյանը նաև նշում է, որ իրենք ոչ մի դեպքում կողմնակից չեն պատրաստի վահանակներ ներմուծողների գործունեությունը խոչընդոտելուն, այլ պարզապես ուզում են հավասար պայմաններում մրցակցել նրանց հետ, իսկ թե ինչպես է պետք դրան հասնել, պետք է որոշի կառավարությունը:

--00—ԼՄ