Իսրայելում ՀՀ դեսպանն ու մշակույթի նախարարը փողեր են լվացել․ 550․ 000 դոլարի ձևական օտարում են արել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության /այսուհետ` ՀԿ/ նախագահության անդամ Գոռ Դավթյանը, ինչպես նաև նույն ՀԿ-ի կողմից հիմնադրված «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության տնօրեն, ՀԿ-ի նախագահ, Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը և առաջին փոխնախագահ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, նախնական համաձայնությամբ հանցավոր գործունեության արդյունքում ստացված և ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող գույքի ծագման աղբյուրն ու պատկանելիությունը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, կատարել են ձևական օտարման գործարքներ և ՀԿ-ի խորհրդի որոշմամբ հիմնադրված «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը 550.000 ԱՄՆ դոլարով ձևական գործարքի արդյունքում օտարել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությանը, որի տնօրենն է հանդիսացել հիշյալ ՀԿ-ի առաջին փոխնախագահ հանդիսացող, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի որդու կինը՝ Ֆրանչեսկա Կուտրուպին, ով իր հերթին 100 տոկոս բաժնեմասի 50 տոկոսը վաճառել է ՀԿ-ի նախագահ Արմեն Սմբատյանի ընկեր Սարգիս Մարտիրոսյանին և ՀԿ նախագահության անդամ Գոռ Դավթյանի մայր Ադելա Ստեփանյանին:

Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով քննվող քրեական գործով մեղադրյալներ Արմեն Սմբատյանի և Գոռ Դավթյանի մասով նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ դատախազություն` դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Սույն քրեական գործով մյուս մեղադրյալ Հասմիկ Պողոսյանի մասով նախաքննությունը շարունակվում է, վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

--00—ՄՀ