Ռազմիկ Դավոյանն իրեն դրսևորել է իբրև հայ ժողովրդի ճակատագրով մտահոգ քաղաքացի․ Վազգեն Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

․

Պետական, քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ։

«Կյանքից հեռացավ մեր ժամանակների իրական մտավորականներից մեկը՝ անվանի բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը։ Հայաստանը կորցրեց նոր ժամանակների դասականին։

Մեծանուն գործչի հետ մեր ճանապարհները հատվել են դեռևս 70-ականներին, երբ Հայաստանի ողջ մտավորական էլիտան համախմբվել էր ազգային խնդիրների ու երազանքների շուրջ։ Միասին անցել ենք 88-ի Շարժման և անկախության կերտման դժվարին ճանապարհը, և այդ ողջ ընթացքում Ռազմիկ Դավոյանն իրեն դրսևորել է իբրև հայրենիքի ու հայ ժողովրդի ճակատագրով մտահոգ, բարոյական բարձ հատկանիշներով օժտված գործիչ և քաղաքացի։

Մեծ է նրա դերը պոեզիայի, թարգմանության և հրապարակախոսության ոլորտում։ Դավոյանի ստեղծագործություններն արժանացել են բարձր գնահատականի ոչ միայն հայրենիքում, այլ մեր երկրի սահմաններից դուրս։ Նրա պոեզիան իր ուրույն տեղն է նվաճել հայ գրականության պատմության մեջ։

Ռազմիկ Դավոյանը կյանքից հեռացավ գրական հարուստ ժառանգություն և մեծ անուն վաստակած, բայց հայրենիքի ապագայի հանդեպ տագնապով ու մտահոգությամբ, ինչը հատկապես 44-օրյա պատերազմի հետո ծանր հետք թողեց նրա սրտում։

Խորին ցավակցություն եմ հայտնում ականավոր գործչի ընտանիքին, հարազատներին, գրչակից ընկերներին և նրա պոեզիայի երկրպագուներին»,- նշված է Վազգեն Մանուկյանի ցավակցական ուղերձում։

--00--ԱՀ