Փետրվարի 9-ին քննվելու է Նարեկ Մանթաշյանի կալանավորման վերացման կամ պահպանման հարցը․ պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

․

Փետրվարի 9-ին` ժամը 16:30-ին, Կենտրոնի նստավայրում՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, սկսվում է «Դրոշի գործի» դատավարությունը: Այդ դատական նիստում քննվելու է Այլընտրանք ՀԿ համանախագահ, Հայաստան դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի կալանավորման վերացման կամ պահպանման հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

Դատական նիստը դռնբաց է անցկացվելու:

Նախօրեին պաշտպանը հայտնել էր, որ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է՝ շաքարային դիաբետը հասել է մահացու՝ 27 նիշի, ինչի հետեւանքով նրան հոսպիտալացրել են եւ բուժօգնություն ցույց տալու հետո՝ վերադարձրել ՔԿՀ։ Ըստ պաշտպանների՝ Մանթաշյանը ցանկացել է կապ հաստատել իրենց հետ, բայց ՔԿՀ անձնակազմը նման հնարավորություն չեն տվել, նրանց համոզմամբ՝ Մանթաշյանը խոշտանգման է ենթարկվում։

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։

--00--ԱՀ