Փոշի, աղմուկ․ Գեղաշենում մոտ 100 տուն դեմ է մոտակա հանքի հնարավոր շահագործմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Հասարակական

Աբովյան համայնքի Գեղաշեն բնակավայրում գտնվող ավազի հանքի հնարավոր շահագործումը դժգոհություն է առաջացրել բնակիչների շրջանում։ Հանքը, որը բնակելի տներից հեռու է ընդամենը մոտ 200 մետր, նախատեսվում է շահագործել օրերը տաքանալուն զուգահեռ։

24News-ի տեղեկություններով՝ հանքի շահագործման թույլտվության աշխատանքները սկսվել են դեռևս պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանի՝ շրջակա միջավայրի նախարար եղած ժամանակ (2020-21)։ Հանքը շահագործել պատրաստվող ընկերություններից մեկը «Անտրացիտ» ընկերությունն է։

«Մենք մարդավարի, քաղաքավարի բացատրեցինք «Անտրացիտ»-ի ներկայացուցչին, որ էդքան տեխնիկան, որ լցնեք, հանքը շահագործեք, խնդիր է լինելու, փոշի, աղմուկ։ Մի անգամ՝ մինչև Նոր տարին, եկան, տրակտորը դրին-քանդին, մենք հելանք դեմները, բացատրինք, որ ինչ ցանում ես, չի աճում, էդ մարդը չի հասկանում՝ «Բա, լավ, կգանք, կբարեխոսենք, ասում եմ՝ «Ի՞նչ բարեխոսել»», - 24News-ին ասաց Գեղաշեն գյուղի բնակիչ Սեյրան Ղազարյանը։

Սեյրան Ղազարյանն ասաց, որ հանքից չշահագործվող ժամանակ ավազի փոշին տարածվում է, շահագործվելու դեպքում ամպի նման փոշին տարածվելու է տների վերևներում, լցվի այգիների, տների, լվացքի վրա։ «Հո մենք գերի՞ չենք ընգել, հազիվ կանգնեցրել ենք հանքի աշխատանքը, նոր մի քանի տարի նորմալ ապրել ենք, հիմա նորից։ Կարճ ասած, էս թաղի ապրողները ոչ մի խեր չեն տենում։ Էս 2 տարի է, որ մենք գիտենք՝ պոպոքն ինչ բան ա, ես չգիտեի՝ ինչ բան ա մեր ծառի խնձորը։ Ընկերության ներկայացուցիչն ասում է՝ «Կջրենք ճանապարհը, որ փոշի չլինի», մենք տեսել ենք, ԶԻԼ-ը գնում էր, ջրում էր ճամփեն, հետևից փոշին բարձրանում էր: Էս մի քանի տարի է կանգնել հանքի աշխատանքը, նոր գիտենք՝ պոմիդորն ինչ գույն ա, ծառի բերքը, իսկ այն ժամանակ ոչ մի բան, մարդ զզվում էր մոտ գնար», - եզրափակեց Գեղաշենի բնակիչը։

Գեղաշենի վարչական ղեկավար Գոռ Հակոբյանը 24News-ին ասաց, որ հանքի շահագործման թեմայով 3 անգամ հանրային լսում է եղել, մարդկանց մի մասը դրական է արտահայտվել շահագործման համար։ «Հիմա խնդիրն այն է, որ այդտեղի [հանքին մոտ ապրող] ժողովուրդն ասում է՝ «մենք չենք կարա ապրենք այդ փոշու պատճառով, մենք կողմ ենք, որ լավ բան լինի, բայց հո՞ չենք կարող մեր տները թողենք, գնանք»», - ասաց Հակոբյանը։ Այսօր արդեն ժամը 12։30-ից սկսած բնակավայրում այս թեմայով հանրային լսում է նախատեսված։ 

«Անտրացիտ» ընկերության սեփականատեր Դավիթ Սամվելյանն ասաց, որ փոշու, աղմուկի, անասնապահության հետ կապված խնդիրներն ամբողջությամբ լուծվող են։ «Բոլոր հարցերը հնարավոր է լուծել, ժամային առումով, որ անասունները արտովայր տանելիս մեքենաներին չխանգարեն։ Կարող ենք այնպես շահագործել հանքը, որ փոշին խնդիրներ չստեղծի մոտակա տների բնակիչների համար։ Տեխնիկան աշխատելու է աշխատանքային ժամերին՝ 9։00-ից 18։00-ն։ Եթե աղմուկին նայենք, Երևանում եմ ապրում, պետք է մեր տները ծախենք, Երևանից գնանք։ Եթե աղմուկի մասին է խոսքը, արտադրությունը համայնքից հեռու է գտնվում, Կամարիսում, որտեղ որ արտադրական տարածք է եղել դեռևս 20 տարի առաջ։ Ամբողջը ջրով է աշխատում, այսինք՝ փոշու հետ կապված խնդիրը չկա»։

Նա նշեց, որ ռադիացիայի խնդիր էլ չկա։ «Սա ո՛չ ուրանի, ո՛չ էլ ոսկու հանք է։ Համայնքի համար բացի դրականից, այլ բան չի լինելու, աշխատատեղ է բացվելու, հարկ է մուծվելու, խոսել եմ նաև կողքի համայնքի ղեկավարի հետ, իրենք էլ նույն մտավախությունն ունեն։ Պետք է այնպես անենք, որ երկու համայնքի համար լավ լինի, Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ համաձայնեցրել ենք։ Դրան գումարած մենք պատրաստ ենք համայնքին աջակցել տարբեր ծրագրերով, շինարարության, փողոցների վերանորոգման հարցերով։ Մենք բոլոր տարբերակներով պատրաստ ենք համագործակցել», - եզրափակեց Դավիթ Սամվելյանը։

--0--ԿԿ