Թուրքական, ադրբեջանական ապրանքները ողողելու են հայկական շուկան և սնանկացնելու են հայկական արտադրողին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

լույս

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում եթե վարչապետը զիջումների գնա, անշուշտ դրանք կհաջողեն, որովհետև անելու է, ինչը որ թուրքերն ուզելու են։ Այս մասին 24News-ին ասաց Ամերկայի Միացյալ Նահանգներում «Կալիֆոռնիա Կուրիեր» (The California Courier) շաբաթաթերթի հրատարակիչ ու գլխավոր խմբագիր, ամերիկահայ գրող Հարութ Սասունյանը՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցությունների թեմային։

«Իսկ եթե վարչապետը մնա մեր ազգային շահերի կողքին, բանակցությունները չեն հաջողելու», - ընդգծեց Սասունյանը։ 

Ըստ նրա՝ երբ բանակցում ես Հայաստանի անունից, պետք է այդտեղ Հայաստանը մի բան շահի։

«Եթե Հայատանը շահ ունի, այն ատեն որևէ բան չկա, որ մեկը բանակցի։ Բայց եթե Հայաստանին ինչ-որ բան վնասելու է, այն ատեն բանակցություններն անիմաստ են և վնասակար։ Այսինքն՝ այնպիսի հարցեր կան, որոնց հանդեպ եթե վարչապետը զիջումներ անի, ցեղասպանության ճանաչումից հետ կանգնելը, Թուրքիայի հողատարածքի անձեռնմխելիությունը եթե ճանաչի, եթե Արցախը վերադարձնելու համար պայմաններ ընդունի, «Զանգեզուրի կորիդորը», որը կորիդոր չէ, այլ ճանապարհ է, թուրքերը և ազերբեջանցիները պնդում են, որ կորիդոր է։ Եթե Փաշինյանն ընդունի կորիդորի պահանջը, դա էլ զիջում է։ Այսինքն՝ զիջումների պահանջ, որ եղել են, հիմա էլ ավելացել են այդ զիջումների պահանջը»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է ամերիկահայ սփյուռքի մոտեցմանը հարաբերությունների կարգավորմանը, ապա «Կալիֆոռնիա Կուրիեր»-ի գլխավոր խմբագիրն ասաց, որ սա ոչ միայն ամերիկահայերի և սփյուռքահայերի հարցն է, այլև՝ ամբողջ հայության, ներառյալ՝ Հայաստանի ժողովրդի, որոնք, ըստ նրա, այդքան էլ ուրախ չեն, որ մենք գնում ենք բանակցությունների․ «Երբ Սերժ Սարգսյանը բանակցում էր պրոտոկոլների համար [Ցյուրիխյան արձանագրություններ, Ֆուտբոլային դիվանագիտություն], այն ատեն Հայաստանը մասնակցում էր այդ բանակցություններին որպես հաղթող կողմ Արցախի հարցով։ Հիմա Փաշինյանը մասնակցում է որպես պարտվող կողմ։ Ո՞նց կարելի է, որ պարտվող մի ղեկավար ունենա մտային և հոգեբանական ուժը, ներուժը, կարողանա հավասարը հավասարին բանակցել, այն էլ գերհզոր, հայությանն ամենամեծ թշնամու հետ»։

Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցության հնարավոր ապաշրջափակմանը՝ Սասունյանն ասաց, որ «ոչ մի դրական օգուտ» չի տեսնում ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Թուրքիայի հետ սահմանը, ճանապարհը բացելու մեջ։

«Ճիշտ հակառակը, տեսնում եմ մեծ վնաս, որովհետև թուրքական և ադրբեջանական ապրանքները ողողելու են հայկական շուկան և սնանկացնելու են հայկական արտադրողներին, որոնք չեն կարող մրցել թուրքական ապրանքների հետ», - եզրափակեց նա։

Սերգեյ Առաքելյան

--00—ԼՄ