ԵՊՀ ռեկտորը ֆիկտիվ մրցույթով Արսեն Խառատյանի քրոջը նշանակում է կենտրոնի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

հովհաննես հովհաննիսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին կապերի գծով նախկին օգնական Արսեն Խառատյանի քույրը՝ Լուսինե Խառատյանը, շուտով նշանակվելու է Երևանի պետական համալսարանի «Շարունակական կրթության կենտրոնի» տնօրեն: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ում մայր բուհի աղբյուրները:

Հետաքրքիրն այստեղ, ոչ միայն նշանակվող անձն է, այլ այն մեթոդը, որով ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը որոշում է կայացրել կատարել նշանակումը: Այսպես, մեր հավաստի տեղեկությունների համաձայն, Հովհաննիսյանը կենտրոնի տնօրենի ֆիկտիվ՝ ձևական մրցույթ է հայտարարել, որին մասնակցել են շուրջ 15 թեկնածուներ, որոնցից երեքը՝ ԵՊՀ երկարամյա աշխատակիցներ:

Նրանք ներկայացրել են համապատասխան փաստաթղթեր ու սպասել մրցույթի անցկացմանը: Հովհաննես Հովհաննիսյանը, սակայն, դիմողներից 14-ին ոչ միայն չի հրավիրել հարցազրույցի, այլ նաև  էլեկտրոնային նամակի միջոցով հայտնել, որ նրանք չեն հաղթահարել մրցույթը: Դիմորդներն էլ վիրավորվել ու բարկացել են՝ ուղիղ հարցնելով, թե այդ երբ է մրցույթ եղել, որ «մի հատ էլ պարտվել ենք»: 

Ակնհայտ է, որ ամբողջ գործընթացը ձևական է եղել, որի հիմնական խնդիրը Հովհաննիսյանի ընկերոջ՝ Արսեն Խառատյանի քրոջը ԵՊՀ կարևորագույն կենտրոնի ղեկավար նշանակելն է եղել:

Ավելին, իմանալով այս մասին, ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ում կուռացիայի տակ պետք է լիներ կենտրոնը, հրաժարվել է զբաղվել դրանով, ինչից հետո Հովհաննիսյանը հրամանագրով այդ ստորաբաժանումը տեղափոխել է մեկ այլ պրոռեկտորի ենթակայության տակ: Ի դեպ, այդ պրոռեկտորի հաստիքը դեռ թափուր է, սակայն, ամենայն հավանականությամբ, այնտեղ նշանակվելու է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի մեկ այլ ընկեր՝ «Ռեստարտ» տխրահռչակ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Հովհաննիսյանը:

Բայց այդ մասին՝ հաջորդ դասին: Ստացվում է, որ Հովհաննիսյանը, որը ժամանակին գոռում էր «խծբ» սիստեմով կրթական ոլորտը լցնելու մասին, ԵՊՀ-ն դարձրել է «հոր դուքյանը», ու, գնալով ակնհայտ զեղծարարությունների, համալսարանում «պո բլատու»նշանակում է իր ընկերներին ու ազգականներին:

--00--ԱՀ