Եվրոպացիներն ուզում են ցույց տալ՝ իրենք էլ են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի մոդերատոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

քաղաքական

Եվրոպացիներն ուզում են, որ Հարավային Կովկասում գեներացվող գործընթացները լինեն այն տրամաբանության ներքո, որը տեսնում է հավաքական Արևմուտքը։ Այս մասին 24News-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպանի խորհրդական, նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլի Միշելի նախաձեռնած եռակողմ հանդիպմանը։

Մարտի 30-ին ԵԽ պաշտոնական կայքում հրապարակվել էր Միշելի շաբաթական ժամանակացույցը, որում նշված է ապրիլի 6-ին Բրյուսելում իր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև համատեղ հանդիպման մասին։

«Պետք է հասկանանք, որ Հարավային Կովկասն առհասարակ նոր աշխարհաքաղաքական համակարգի այն նյարդային կետերից է, որոնք ունեն ուղղակի ազդեցություն գործընթացների վրա, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում,Միջին Ասիայում, դրանք շղթայաձև կապ ունեն», - նշեց Արման Աբովյանը։

Քաղաքական գործչի խոսքերով՝ Բրյուսելում հանդիպումը պայմանավորված է նվազագույնն այն հանգամանքով, որ եվրոպացիներն ուզում են ցույց տալ՝ իրենք էլ են այս գործընթացի մոդերատոր, իրենք էլ են ի զորու ազդել իրավիճակի վրա։ «Տեսնում ենք՝ շատ անկայուն իրավիճակ է տարածաշրջանում։ Դրա հետ մեկտեղ այդ հավերժ մրցակցությունը՝ Արևմուտք-Արևելք, Ռուսաստան – Եվրոպա, Միացյալ Նահանգներ։ Հաշվի առնելով ռեալ պոլիտիկի բոլոր հանգամանքները՝ շատ բան չեմ սպասում բրյուսելյան հանդիպումից։ Հնարավոր է՝ քննարկվեն եվրոպական լույսի ներքո այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» երանգները, ինչ-որ դրույթները։ Բոլորն էլ հասկանում են, որ Ռուսաստանն իր անվտանգային համակարգի տեսլականի ներքո չի պատրաստվում զիջել հիմնական մոդերատորի իր դերը տարածաշրջանում։ Չեմ կարծում, որ բեկում կարող է լինել»։ 

Աբովյանի խոսքերով՝ Արևմուտքը նաև փորձում է օգտվել Ռուսաստանի՝ Դոնբասում հատուկ գործողությամբ զբաղվածությունից։ «Ոչ միայն ՌԴ-ի զբաղվածությունով է պայմանավորված եվրոպացիների ակտիվությունը։ Առհասարակ հեռանկարային, ստրատեգիկ, հավաքական Արևմուտքի համար այսօր կենսական նշանակություն ունի հանգցնել այն կետերը, որոնք, ըստ իրենց տեսլականի, Ռուսաստանի համար ռազմական ազդեցության կետեր են։ Այսինքն՝ կապ ունի ուկրաինական ուղղությամբ ռուսական հիմնական զբաղվածության հետ, բայց կարծում եմ՝ դա չէ վճռականը։ Վճռականն այն է, որ իրենք յուրաքանչյուր դեպքում փորձում են մի քանի խնդիր լուծել, որոնք արդեն թվարկեցի», - եզրափակեց նախկին պատգամավորը։