Ուզունյանի՝ ՀՀ սահմանը հատելու գործով մեղադրվող պաշտոնյաները շարունակում են պաշտոնավարել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

 

gsf
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին դատավոր Սամվել Ուզունյանի՝ ՀՀ սահմանը հատելու գործով պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության պետ Էդգար Պողոսյանի և ՀԿԳ ավագ քննիչ Լ. Ս.-ի լիազորությունները կասեցված չեն։

Մեր տեղեկություններով՝ նրանց մեղադրանքն առաջադրվել է օրերս և լիազորությունների կասեցման որոշում չի կայացվել, վերջիններս շարունակում են կատարել իրենց պարտականությունները։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սամվել Ուզունյանի ՀՀ սահմանը հատելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում շուրջ 2,5 տարի անց մեղադրանք է առաջադրվել ՀՔԾ (ներկայում՝ Հակակոռուպցիոն կոմիտե) քննչական առաջին վարչության պետ Էդգար Պողոսյանին և նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Լ. Ս.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։

Ըստ դատախազության վարկածի՝ 2019թ. դեկտեմբերի 20-ին ԲԴԽ-ի կողմից Ս. Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները բավարարվելուց, Գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից Սամվել Ուզունյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կայացվելուց հետո, նույն օրը, ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՔԾ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ (ներկայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության պետ) Է.Պ.-ն տեղեկացվել է կայացված բոլոր վերոնշյալ որոշումների օրինակներն ստանալու և դրանցից բխող անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններն անհապաղ կատարելու անհրաժեշտության մասին և դրա վերաբերյալ տեղեկացրել այդ քրեական գործով նախաքննությունն իրականացնող նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ (ներկայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության ավագ քննիչ) Լ.Ս-ին։

Սակայն, ինչպես հայտնում են դատախազությունից, նրանք անմիջապես միջոցներ չեն ձեռնարկել որոշումները ստանալու և դրանցից բխող անհրաժեշտ գործողությունները կատարելու համար՝ հայտնելով, որ դրանք կստանան հաջորդ օրը։ Բացի այդ՝ պարզվել է, որ 2019թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 01:50-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից իրավասու մարմնի աշխատակցի կողմից հեռախոսազանգի միջոցով ՀՔԾ վարչության պետը, իսկ նրա միջոցով՝ նաև քննիչը տեղեկացվել են այն մասին, որ Ս. Ուզունյանը գտնվում է օդանավակայանում, գնել է ժամը 02։50-ին նախատեսված Երևան-Մոսկվա չվերթի տոմս և պատրաստվում է լքել ՀՀ տարածքը և այդ պայմաններում ՀԿԳ ավագ քննիչը, ՀՀ ՀՔԾ վարչության պետը, ունենալով քրեադատավարական առավել քան բավարար գործիքակազմ և ժամանակ, չեն կատարել իրավիճակից բխող անհապաղ ու անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ դրսևորելով անգործություն:

Հիշեցնենք, որ Սամվել Ուզունյանը երկիրը լքել է 2019 թվականի լույս դեկտեմբերի 21-ի գիշերը՝Երևան-Մոսկվա թիվ 1869 չվերթով, մինչդեռ ԲԴԽ-ն նրան անձեռնմխելիությունից զրկել էր, այսինքն՝ համաձայնություն է տվել Սամվել Ազատի Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ դեկտեմբերի 20-ին։ Ճիշտ է՝ այդ մասին մամուլին հայտնի է դարձել դեկտեմբերի 21-ին, սակայն նույն այդ հաղորդագրության համաձայն, գլխավոր դատախազի համապատասխան միջնորդությունը քննարկվել եւ բավարարվել է դեկտեմբերի 20-ին։

Հետեւապես՝ պետական սահմանը հատելիս նա արդեն չի եղել անձեռնմխելի, բայց պարզվում է անգամ հարցաքննության կանչված չի եղել, տեսականորեն նա անգամ տեղյակ չի եղել իր նկատմամբ հարուցված հետապնդման մասին, մինչդեռ դատախազությունը մամուլին հայտնել է, որ նրան մեղսագրվում են կաշառքի ստացում, խարդախություն։ Այն է՝ մի դեպքում 2014 թվականի հոկտեմբերին ներկայացված քաղաքացիական հայցի գործով հայցվորի օգտին դատական ակտ կայացնելու համար միջնորդելու, մեկ այլ դեպքում 2007թ. տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված, ապա վարույթը կարճված քրեական գործով տուժողի օգտին գործողություններ կատարելու՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար, նրանցից պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ մի դեպքում 13.000 ԱՄՆ դոլարին, մյուս դեպքում՝ 38.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի կաշառք:

--00--ՍԳ