Տավուշի փոխմարզպետը հրաժարվեց ասել՝ որոնք են Փաշինյանի հայտարարած ադրբեջանական հողերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

քաղաքական

Տավուշի փոխմարզպետը հրաժարվեց մանրամասնել, թե որոնք են հայկական վերահսկողության տակ գտնվող «ադրբեջանական տարածքները»։

«Նախ ես հեռախոսով նման բաների չեմ պատասխանում, երկրորդը՝ ճիշտ չեմ գտնում դրա մասին խոսելը», - 24News-ին ասաց Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հինգշաբթի օրն արած հայտարարությանը։ 

Ապրիլի 7-ին կառավարության նիստի ժամանակ, Փաշինյանը, անդրադառնալով նախօրեին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնած եռակողմ բանակցություններին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, անդրադարձել էր մինչև ապրիլի վերջ Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմլիմիտացիայի հարցերով ստեղծվելիք երկկողմ հանձնաժողովին։ «Այդ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ, առաջինը՝ բուն դելիմիատացիայի, այսինքն՝ սահմանագծման աշխատանքներն են, երկորդը՝ սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովումը»։

Փաշինյանը նաև ասել էր, որ ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և «կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո են»։ «Եվ այս հարցերը պետք է  լուծվեն բանակցությունների արդյուքներով, բնականաբար դե յուրե հիմնավորված արձանագրումների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա», - նշել էր նա։

2021 թվականի մայիսի 24-ին լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» [այն ժամանակ «Իմ քայլը»] խմբակցության պատգամավոր, Տավուշի նախկին մարզպետ (2018-19) Վահե Ղալումյանը, ով ներկայիս մարզպետ Հայկ Ղալումյանի եղբայրն է, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Տավուշում կան ադրբեջանական հողեր, որոնք գտնվում են հայկական տիրապետության տակ, և կան տարածքներ, որոնք ադրբեջանական հսկողության տակ են: «Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի, Ոսկեպար [գյուղերը]․ քարտեզով ադրբեջանական տարածք է նշված», - ասել էր նա։ 

Հարցին՝ վերոնշյալ գյուղե՞րն են համարվում ադրբեջանական, Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել։

Իսկ ո՞վ է կարող հարցին պատասխանել։ «Ինչպես վարչապետը հայտարարել է՝ երբ որ դրա ժամանակը կգա, արդեն պարզ կլինի՝ ինչպե՞ս է այդ հարցը լուծվում։ Եթե մեզ եք հարցնում, մենք բնականաբար գիտենք մեր դիրքորոշումը», - ասաց Նարեկ Ղուշչյանը։