ԲԴԽ մամուլի խոսնակը՝ Ջհանգիրյանի հրաժարական տալու մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

հասարակական

Պարոն Ջհանգիրյանը կատարել և շարունակում է կատարել օրենքով սահմանված իր լիազորությունները։ Այս մասին 24News-ին ասաց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը՝ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հրաժարական տալու հարցին։ 

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մայիսի 6-ը Ջհանգիրյանը հրաժարական կտա: «2021 թվականի սեպտեմբերի 23-ին սահմանադրագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցության կողմից համապատասխան դիմում է ներկայացվել ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու», - հիշեցրել էր թերթը։

«Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՍԴ-ն որոշել է ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի որոշում կայացնել: Որոշման կայացման գործընթացը հետաձգվել է, եւ ՍԴ որոշումը կհրապարակի մայիսի 6-ին, եւ դատական համակարգի մեր աղբյուրները պնդում են, որ մինչ մայիս 6-ը Գագիկ Ջհնագիրյանը դիմում կգրի եւ կլքի ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը», - նշել էր «Ժողովուրդ»-ը: