Դատախազությունը ստացել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հաղորդումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

հասարակական

ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հաղորդումը։ Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
 
Ավելի վաղ AntiFake.am լրատվական կայքը գրել էր, որ ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողները կրում են լրացուցիչ միջոցներ, որոնցից շատերի կիրառումն արգելված է և անթույլատրելի խաղաղ հավաքների եւ ցույցերի ժամանակ։ Այս տեղեկությանը հղում անելով՝ Թագուհի Թովմասյանն առավոտյան իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ գրություն է ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին՝ «պահանջելով հանձնարարել իրավասու մարմիններին ուսումնասիրելու ոստիկանության ծառայողների կողմից արգելված հատուկ միջոցներ կրելու եւ հնարավոր իրավիճակներում օգտագործելու մասին տեղեկությունը եւ համապատասխան ընթացք տալ, ինչպես նաեւ սույն  ներկայացված հարցի ուսումնասիրության ու լուծման արդյունքների վերաբերյալ տրամադրել տեղեկություն»։

Գոռ Աբրահամյանը 24News-ին նաև հայտնեց, որ հաղորդումն ուսումնասիրվում է, սահմանված կարգով ընթացքը կլուծվի։

--00--ԿԿ