Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Թուրքիայի նախագահականի աղբյուրների համաձայն՝ հեռախոսազրույցի հիմնական թեմաները եղել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները:

Էրմենիհաբերի փոխանցմամբ զրուցակիցները շեշտել են քաղաքական կարգավորման կարևորությունը: Նախագահները համակարծիք են եղել այն հարցում, որ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելիս հարկ է հաշվի առնել բոլոր կողմերի շահերը:

Քննարկվել են նաև ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև տնտեսական կապերն ավելի զարգացնելու մասին հարցեր՝ երկուստեք կարևորելով համատեղ առևտրի ծավալը 75 մլրդ դոլարի հասցնելու ծրագիրը:

Սպիտակ տունը նույնպես հայտարարություն է տարածել հեռախոսազրույցի վերաբերյալ՝ հայտնելով, որ նախագահները քննարկել են սիրիական հակամարտությունը և թուրք-ամերիկյան տնտեսական հարաբերությունները: Հայտարարության մեջ տեղեկացվում է, որ նախագահները պայմանավորվել են շարունակել քննարկումները Սիրիայի հյուսիսում հնարավոր անվտանգության գոտի հիմնելու վերաբերյալ:

Քննարկումները շարունակելու նպատակով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատարն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Վաշինգտոնում լրացուցիչ քննարկումներ կանցկացնեն թուրք պաշտոնակիցների հետ: