Ինչու՞ թույլ չեք տալիս Արամ Տիգրանի աճյունը վերաթաղել Դիարբեքիրում. Փայլանը՝ թուրք նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

նկար

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը անվանի հայ երաժիշտ Արամ Տիգրանի աճյունը Դիարբեքիրում վերաթաղելու հարցը բարձրացրել է թուրքական խորհրդարանում։ Նա գրավոր հարցում է հղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին։

Կարո Փայլանը հետևյալ հարցերն է ուղղել նախարարին.

1․ Թուրքիայի ժողովուրդների շրջանում հարգանք վայելող Արամ Տիգրանի հիշատակը հավերժացնելու նպատակով հանդես գալո՞ւ եք որևէ նախաձեռնությամբ։

2․ Ինչու՞ թույլ չեք տալիս, որպեսզի Արամ Տիգրանն իր կտակի համաձայն թաղվի Դիարբեքիրում։

3․ Ձեր նախարարությունը որևէ ծրագիր ունի՞ Արամ Տիգրանի անունը հավերժացնելու համար։

Փայլանը նաև հիշեցրել է, որ Թուրքիայի իշխող  «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թույլ չի տվել, որ Արամ Տիգրանին իր կտակի համաձայն թաղվի իր նախնիների ծննդավայրում՝ Դիարբեքիրում։ 

Հայ պատգամավորը նշել է, որ Դիարբեքիրում Արամ Տիգրան անունով բացված կոնսերվատորիայի գործունեությունը նույնպես դադարեցվել է Թուրքիայի իշխանությունների կողմից նշանակաված ժամանակավոր կառավարչի օրոք։

Արամ Տիգրանը հայտնի երգիչ և երաժիշտ է։ Ծնվել է Սիրիայի  Ալ-Քամիշլի քաղաքում։ Նրա ընտանիքը 1915թ․ Հայոց ցեղապանությունից մի կերպ փրկված դիարբեքիրցի ընտանիքներից էր։

Արամ Տիգրանը մասնագիտացել է ուդ նվագելու մեջ։ Քսան տարեկանից իրեն նվիրել է երաժշտությանը։ Հիմնականում ստեղծագործել և երգել է երեք լեզվով՝ քրդերեն, արաբերեն և հայերեն։

Ձայնագրել է շուրջ 230 երգ քրդերենով, 150՝ արաբերենով, 10՝ ասորերենով, 8՝ հունարենով։

Արամ Տիգրանը եղել է Քուրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ, Աբդուլլահ Օջալանի մտերիմ և վստահելի մարդկանցից մեկը:

Մահացել է Աթենքում 2009-ին։ Նա ցանկանում էր թաղվել Դիարբեքիրում։ Սակայն երգչի ցանկությունը չի կատարվել, քանի որ թուրքական իշխանությունները թույլ չեն տվել հայ երաժշտի աճյունն ամփոփել Դիարբեքիրի հայկական գերեզմանատանը։ 

--00—ԼՄ

Տեսանյութեր