Ժողովրդի համախմբումն այսօր հրամայական է՝ անկախ իշխանության գծած բաժանարարներից․ «Հայաստան» դաշինք

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 9, 24News

 Անուն 670688a2-c6f3-4b54-8b17-766e29411078.jpg

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Հարգելի հայրենակից, Վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցավոր ագրեսիայի, հարկադրանքի և պարտադրանքի քաղաքականության հերթական դրսևորումների և Հայաստանի օրվա իշխանությունների պարտվողական կեցվածքի հետեւանքով հայաթափման ու թշնամուն հանձնելու վտանգի առաջ են հայկական նոր բնակավայրեր։

Փաստացի արձանագրվել է նաև կոնկրետ ժամկետ օգոստոսի 25-ը, որի կանխման պատասխանատու իշխանությունները նույնիսկ որեւէ դիրքորոշում չեն հայտնել: Նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանված ժամկետից շուտ սպառնալով փակել Հայաստանն Արցախին կապող միջանցքը և պահանջելով իրեն հանձնել հարակից բնակավայրերը Ադրբեջանն ակնհայտորեն հերթական անգամ խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

Վերոնշյալ եռակողմ հայտարարությունը որևէ կետով չի նախատեսում ճանապարհաշինության նպատակով բնակավայրերի հանձնում, չի պարունակում նաև դրույթ, որի համաձայն նոր ճանապարհը պետք է շրջանցի Բերձոր, Աղավնո եւ Սուս համայնքները։ Ըստ էության, նման իրավիճակը ցեղասպան վարքագիծ է միջազգային նորմերի լույսի ներքո:

Հետևաբար ականատեսն ենք միջազգային իրավունքի հերթական կոպտագույն խախտումների, ակնհայտ ապօրինի պահանջների, իսկ Հայաստանի և Արցախի իշխանությունների կողմից դրանք փաստացի բավարարելու պատրաստակամությունն առնվազն հիմք է պնդելու, որ կրկին գործ ունենք ժողովրդի թիկունքում ձեռք բերված համաձայնությունների, «բանավոր փոխըմբռնման» ու բանավոր պայմանավորվածությունների հետ։

Օգոստոսի 25-ը որպես վերջնաժամկետ հանրությանը հրամցնելը հենց դրա հերթական վկայությունն է: Այս իրադարձությունները կրկին վերահաստատեցին մեր համոզմունքն առ այն, որ միակողմանի զիջումների գնով առաջարկվող խաղաղությունը չի կարող իրական, կայուն ու երկարաժամկետ լինել։

Հայաստանի իշխանությունների անհետևողական, անորոշ քաղաքականության պատճառով չկա պատշաճ համագործակցություն և ոչ մի ուղղությամբ լինեն խաղաղապահ ուժերը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, թե ընդհանրապես միջազգային կառույցները։ Պարտության խորհրդանիշ դարձած իշխանությունների հետ Հայաստանի ու Արցախի պարտությունը շարունակվում է ամեն օր սպառնալով անդառնալի նոր կորուստների։ Հայ ժողովրդի համախմբումն այսօր հրամայական է անկախ այս իշխանությունների գծած բոլոր բաժանարար գծերից, հետևողականորեն հրահրած ատելությունից։

Հրամայական է համազգային համախմբումը Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությամբ։ Օրվա իշխանությունները, սպասարկելով թուրք-ադրբեջանական շահերը, փաստացի համատեղ այդ ուժերի հետ իրականացնում են Արցախի հայաթափման ծրագիրը: Պարտության անիվն օր առաջ կանգնեցնել է պետք, ինչը հնարավոր է բացառապես օրվա իշխանությունների հեռացմամբ: Միայն այդ դեպքում է հնարավոր եղածը պահպանել, նոր կորուստներից խուսափել ու իրական խաղաղության հասնել»։

--00--ԶՀ

 

 

Տեսանյութեր