Խաղաղությունը ոչ մի իրավիճակում չի նշանակում պատմությունից, միջազգային իրավունքներից հրաժարում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Aram-Vardevanyan-2.jpg

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության ժողովուրդը ևս մեկ անգամ ցույց տվեց աշխարհին, որ միջազգային փորձի իմաստով ազգերի ինքնորոշման իրավունքն իրացրած սուբյեկտ է։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Արցախցիները վճռական են և, չնայած այս պերմանենտ արհավիրքին, ընկճված չեն:

Արցախի Հանրապետությունը մեր անկախության հռչակման անկյունաքարերից է: Օրվա իշխանությունների՝ Արցախից փաստացի հրաժարվելը հավասարազոր է հենց Հայաստանի անկախության հռչակման, մեղմ ասած, նսեմացմանը: Հետևաբար, նման իրավիճակ կամ պայման ենթադրող որևէ պայմանագիր չի կարող լինել սահմանադրական և Հայաստանի շահերին համապատասխանող:

Օրվա իշխանություններն, ունենալով բոլոր օբյեկտիվ միջազգային իրավական հիմքերը, ադրբեջանական ցեղասպան քաղաքականության փաստերը, որևէ միջոց չեն ձեռնարկում ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար:

Խաղաղությունը ոչ մի իրավիճակում չի նշանակում պատմությունից, միջազգային իրավական երաշխիքներից հրաժարում: Պետք է իսկապես հաճախ գնալ Արցախ, լինել Արցախում, կանգնել Արցախի կողքին», - ֆեյսբուքյան էջում գրել է Վարդևանյանը։

 --00—ԶՀ