Ռազմական գործողությունների սրացումը ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին պետք է անհապաղ դադարեցվի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

գֆգ

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ նկատի ունենալով հաղորդագրությունները տեղի ունեցող զինված բախումների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են ԵԱՀԿ քարտուղարության հաղորդակցության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից:

«Ռազմական գործողությունների սրացումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պետք է անհապաղ դադարեցվի: Դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը չպետք է մսխվի: Վերջին 18 ամիսներին հաջողվել էր առաջընթացի հասնել՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը շարունակելու աշխատանքը խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Այս բախումները վտանգում են այդ առաջընթացը և վտանգի տակ են դնում անթիվ կյանքեր», - հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդն էլ իր հերթին ընդգծել է, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն՝ հատկապես հետագա զոհերից խուսափելու համար:

«ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել՝ հենվելով տասնամյակների փորձի և փորձագիտության վրա: Մենք բոլորս կիսում ենք տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու համատեղ նպատակը», - ասել է Շմիդը:

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: 

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտնեց, որ ռուսական միջնորդությամբ Երևանի ժամանակով ժամը 10-ից կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ: Ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Հայկական կողմը նախնական տվյալներով ունի 49 զոհ: Տվյալները ճշտվում են: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները:

--00—ԻԴ