ՌԴ-ն ՄԱԿ Անվտանգության խորհրդին ծանուցել է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցման ջանքերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

վասիլի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստում Ռուսաստանը հայտարարել է  հակամարտության դադարեցմանն ուղղված սեփական ջանքերի և ՀԱՊԿ աշխատանքի մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի կողմից թե՛ անհատապես, թե՛ ՀԱՊԿ-ի միջոցով իրավիճակի կարգավորման, զինադադարի հասնելու ջանքերի մասին խոսեցինք, այն ջանքերի, որոնք ՀԱՊԿ-ն կներդնի Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո։ Գործընկերները շնորհակալություն հայտնեցին մեզ այս տեղեկությունը հայտնելու, ջանքեր գործադրելու համար»,- ասել է նա։

Ըստ աղբյուրի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ խորհրդակցությունների մասնակիցները միաձայն կողմ են արտահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի շուտափույթ դադարեցմանը և իրավիճակի քաղաքական և դիվանագիտական միջոցներով կարգավորմանը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանի խնդրանքով այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կրկին նիստ կհրավիրի՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։  

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմանում, հարձակման են անցել ՀՀ պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Ըստ նախնական տվյալների՝ հայկական կողմն ունի 105 զոհ: Ըստ ՊՆ-ի՝ երեկ՝ ժամը 20։00-ից, բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

--00—ԼՄ