Իմ հաղթանակած կերպարը վախեցրեց մեր ժողովրդի մի մասին․ Ռոբերտ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

«Հայաստան» դաշինքը հրապարակել է տեսանյութ  ՀՀ երկրորդ նախագահի և քաղաքացիների միջև տեղի ունեցած փակ հանդիպումից, որտեղ Ռոբերտ Քոչարյանը բացատրում է, թե ինչո՞ւ է պասիվ, ինչո՞ւ առաջնորդի դերում չէ, և ինչո՞ւ հարցազրույցներ չի տալիս, միաժամանակ նշելով, որ ինքը պայքարի մեջ է։

«Ես երկար ժամանակ հանդիպումներ, հարցազրույցներ չեմ ունեցել եւ կարող էր տպավորություն ստեղծվել, որ ես մի կողմ են քաշվել եւ այլեւս ակտիվ քաղաքականությամբ չեմ զբաղվում:

Ապրիլ-մայիս-հունիս ամիսներին ձեր մեծ մասը ակտիվորեն փողոցում եք եղել, շփվել եք «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ: Ես ԱԺ-ում չեմ, բայց դաշինքի առաջնորդի դերակատարությունից չեմ հրաժարվել եւ երբ մշակվում էր «Դիմադրության շարժման» ծրագիրը, հայեցակարգը եւ ճանապարհային քարտեզը, մենք այդ ամենը քննարկում էինք մեր եւ պատգամավորների, եւ մի քիչ ավելի լայն շրջանակներում եւս: Սա համատեղ ծրագիր է:

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նաեւ հայտարարություն է տարածել՝ նշելով. «Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-ին մի խումբ քաղաքացիներ Բաղրամյան պողոտայից երթով գնացել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի մոտ, հանդիպում ունեցել Երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի և Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ։ Քաղաքացիները ցանկանում էին հանդիպել նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Սեպտեմբերի 19-ին հանդիպումը կայացավ, և բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն ունեցան նախագահ Քոչարյանին հարցեր ուղղելու, լսելու նրա մոտեցումներն ու տեսակետները։

Որքան էլ գրասենյակը փորձել էր հանդիպումը կազմակերպել հնարավորինս մեծ դահլիճում, դահլիճն ավելի փոքր էր նախագահի հետ հանդիպմանը ցանկություն ունեցողներին ամբողջությամբ տեղավորելու համար։ Ուստի ներկայացնում ենք այն հարցերի վերաբերյալ նախագահ Քոչարյանի պատասխանները, որոնք քաղաքացիներին ամենաշատն են հետաքրքրել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 --00—ԶՀ