Ի՞նչ հանդիպումներ են նախատեսված Երևանում. մանրամասնել է Լուսինե Ավանեսյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

f

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությույանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հանդիպման վերաբերյալ «Արցախպրես»-ի հարցին ի պատասխան, Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտնեց, որ քննարկվել է ստեղծված իրավիճակը։

Անդրադառնալով հարցին, թե ինչու՞  Արցախի պատվիրակությունը ևս չի մասնակցել հանդիպմանը, Լ. Ավանեսյանը, տեղեկացրեց, որ Երևանում գտնվող ԱՀ պատվիրակության անդամները նախապես հայտարարված օրակարգի շրջանակներում առաջիկայում ՀՀ քաղաքական պատասխանատուների հետ կշարունակեն հանդիպումները։

 «Արդյունքների վերաբերյալ հանրությանը կտրվի պատշաճ տեղեկատվություն»,-հավելեց նա։

Ավելի վաղ՝ Նախագահի մամուլի խոսնակն «Արցախպրես»-ին հայտնել էր, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային պատվիրակություն է մեկնել Երևան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի և ՀՀ շուրջ ստեղծված իրավիճակը: Նա նշել էր, որ այցի հիմնական նպատակն է քննարկելու 2022թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

--00—ԻԴ