Ներսից ու դրսից՝ Հայրենիքի և մեր պատմության ազատագրման ժամն է․ Րաֆֆի Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Րաֆֆի Հովհաննիսյան

Հայրենիքի վերքերը դարմանող մայրս հեռացավ՝ մեծ երազանքը սրտում. Արդի հայոց պատմության ու իրավունքի ռահվիրա հայրս ապրեց՝ տեսնելու համար իր կյանքի ողջ նվիրումի հակադարձումը՝ պետականության վերակերտումից հետո իրական եղեռնի կրկնությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Այս անգամ՝ ուղղակի և աներկբա, սեփական հայրենակցի ու իր պատմասպան, զինվորասպան, հայրենասպան խմբակիցների ձեռամբ:

Ոսոխն ի՞նչ կարիք ունի հոխորտալու կամ խեղաթյուրելու, երբ արդեն հարևանի պաշտոնական ներսում կան ամեն ինչը վերախմբագրելու պատրաստ ոչնչապաշտ, եսապաշտ ձայներ, որոնք լկտի-ինքնագոհ հայտարարում են, թե մեր Հայրենիքի այսինչ գյուղը, ճամփան կամ բազմադարյա բնօրրանը պատկանում է թշնամական նորաստեղծ բռնազավթիչ միավորին:

Արցախի Հանրապետությունն էլ՝ իր ժողովրդով և իշխանությամբ, անտեսվում է արդեն որպես բեռնաթափման ենթակա, ավելորդ գլխացավանք, սեփական աթոռի ու մեծ աշխարհի միջև մեծ գործարքի մանրադրամ:

Ալիևը, Էրդողանը և նրանցից ածանցյալ գավառապետ-բռնապետի թեկնածուն՝ իրենց երիտհայերի հետ մեկտեղ, դարձել են հայրենի սահմանների և պատմագրության շարադրողները:

Մեր իսկ աչքերի առջև ու մեր լուռ մասնակցությամբ շարունակվող և ամեն օր խորասուզվող այս ընթացքին կանգ պետք է տանք:

Միասին: Ինքնիշխան: Ամբողջական: Առանց պատրվակների: Անցյալի համար զղջումով: Ապագայի համար՝ հանձնառու: Եվ՝ նախքան ստորագրություն:

Ստորագրություն, որն առավել համախմբելու է միգուցե անկեղծ, բարի խոսք ասող օտարների շահերը այդ նույն ստորագրության շուրջ: Եվ մեր պատմական, հավաքական, ազգային ու պետական իրավունքների դեմ:

Ներսից ու դրսից՝ Հայրենիքի և մեր պատմության ազատագրման ժամն է»:

--00--ԱՀ