Հայաստանը և Ադրբեջանը պետք է որոշեն՝ Պուտինի հրավերն օգտակար կլինի՞ նրանց համար․ ԱՄՆ Պետդեպ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

նեդ

ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը հոկտեմբերի 25-ին՝ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության, թե «Արևմուտքը զբաղված է ինքնագովազդով և փորձում է ՌԴ-ին դուրս մղել տարածաշրջանից», հայտարարել է, որ «ոչ մի ինքնագովազդ էլ չկա, երբ ԱՄՆ փորձում է վերջ դնել տարիներ շարունակվող հակամարտություններին», փոխանցում է ԱՄՆ Պետդեպը։

«Մեր միակ նպատակն է օգնել այս երկրներին (խմբ․՝ Հայաստանին և Ադրբեջանին) աշխատել միասին՝ համապարփակ և տևական խաղաղություն հաստատելու և, ի վերջո, կյանքեր փրկելու: Չգիտեմ՝ դրա վերաբերյալ ինչը կարող է մեկնաբանվել որպես ինքնագովազդ»,-հայտարարել է Փրայսը, ապա հավելել․ «Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Երկու ղեկավարներին խրախուսել ենք հանդիպել այն ձևաչափով, որն առավել օգտակար է նրանց համար: Կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության համար»։

Նեդ Փրայսն անդրադարձել է նաև հոկտեմբերի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպմանը՝ նկատելով, թե «Հայաստանը և Ադրբեջանը պետք է որոշեն՝ Պուտինի հրավերն օգտակար կամ պիտանի կլինի՞ նրանց համար կայուն խաղաղության ձգտման գործում»։

«2008-ին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և նրա շարունակական դաժան ներխուժումը Ուկրաինա ցույց են տալիս, որ Մոսկվան քիչ է հարգում իր հարևանի ինքնիշխանությունը և դժվար թե հուսալի, երկարաժամկետ գործընկեր լինի»,-ասել է նա։

Այս համատեքստում Փրայսը նաև հիշեցրել է, որ Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը «ԱՄՆ-ից ավելի մեծ աջակցող չկա»։

«1991-ին Խորհրդային Միությունից Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անկախության վերականգնումը կարևոր իրադարձություն էր, որը երաշխավորեց այս երկրներից յուրաքանչյուրի իրավունքը՝ Մոսկվայից կամ որևէ այլ երկրից անկախ իր արտաքին քաղաքական շահերը հետապնդելու»,-հայտարարել է նա։

Ճեպազրույցի տեսանյութը՝ այստեղ։ 

--00—ԼՄ