ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ՀՀ-ի և Մակեդոնիայի միջև հարաբերությունների զարգացումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

․

Հոկտեմբերի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կրում Եֆրեմովին (նստավայրը՝ Կիև) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

ԱԳ նախարարի տեղակալ Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթել իր պատասխանատու պաշտոնում՝ կարևորելով Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ վերջինս, լինելով Հայաստանում Հյուսիսային Մակեդոնիայի առաջին դեսպանը, իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Եֆրեմովը վստահեցրել է, որ առավելագույն ջանքեր կներդնի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև համագործակցությունն ակտիվացնելու և խթանելու համար:

Զրուցակիցներն անդրադարձել են քաղաքական երկխոսության, միջազգային կառույցներում փոխգործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, կրթամշակութային բնագավառներում համագործակցության, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերին: 

Պարույր Հովհաննիսյանը դեսպան Եֆրեմովին է ներկայացրել նաև սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքները։

--00--ԱՀ