«Խնդրում եմ չհամարել քաղաքական առևտուր». ԱՀ նախագահը Մայիլյանին վերանշանակեց ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

արայիկ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրի համաձայն՝ Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար: Այդ մասին նա ասաց պաշտոնական նշանակումների վերաբերյալ ուղիղ եթերի ժամանակ:

«Իհարկե, շատ երկար եմ մտածել այդ ուղղությամբ, ոչ թե Մայիլյանին նշանակելու… Ես համագործակցության կոչը արել եմ, ինքը ընդունել է, մենք մտածում էինք տարբեր ձևաչափեր:

Հաշվի առնելով Սամվելիչի ստացած ձայների քանակը առաջին փուլում՝ ավելի քան 26 տոկոս, լինելով նախագահական ընտրություններում, այսպես ասեմ, քաղաքական դեմքը՝ ես նախ պարտավոր եմ համագործակցել: Իհարկե, նաև նշել են, որ մեր հարաբերությունները միշտ եղել են ջերմ: Այդ առումով այս փուլում որոշել եմ, որ նա զբաղեցնի ԱԳ նախարարի պաշտոնը, բայց քննարկել ենք նաև այլ ուղղություններ, բայց ճիշտը, ինձ թվում է, այսպես է»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Արցախի նախագահը նաև շնորհակալություն հայտնեց Մասիս Մայիլյանին համագործակցության առաջարկությունն ընդունելու համար և խնդրեց չհամարել իր որոշումը քաղաքական առևտուր:

«Խնդրում եմ որևէ մեկին չհամարել քաղաքական առևտուր: Մենք քաղաքական առևտուր չենք արել: Մենք, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մարտահրավերները, որ այսօր կան, համաձայնել ենք միասին ստանձնել մեր երկրի հետագա պատասխանատվության այդ պարտավոր անհրաժեշտությունը»,-հավելեց Արցախի նախագահը: